PKK զինյալների հարձակումներ թուրքական ժանդարմների վրա. կան զոհեր, վիրավորներ

Օգոստոսի 12-ին՝ Իրանին սահմանակից և Արարատ լեռից արևմուտք ձգվող Թուրքիայի Աղրը նահանգի Դիյադին գավառում հրազենով և նռնականետերով զինված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են ժանդարմերիայի բաժանմունքի վրա։ Ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության՝ ժանդարմների պատասխան կրակից սպանվել է PKK 3 զինյալ։

PKK զինյալներ

PKK զինյալներ

Նույն օրը՝ երեկոյան, հարավարևելյան Դիարբեքիր նահանգում նմանատիպ մեկ այլ հարձակման հետևանքով ևս 2 զինյալ և 1 ժանդարմ սպանվել են, վիրավորվել է ժանդարմերիայի 4 ծառայող, 1 զինյալ։

Թուրքական «Յենի շաֆաք» թերթի կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ին PKK մարտիկները հարձակվել են նաև երկրի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառի ժանդարմերիայի կայանի վրա։ Ըստ թուրքական աղբյուրի՝ սպանվել է PKK առնվազն 4 անդամ։

Թուրքական «Դեյլի Սաբահ» լրատվակայքի փոխանցմամբ՝ PKK անդամներն այսօր ևս հարձակվել են ժանդարմերիայի կայաններից մեկ վրա այս անգամ հարավարևելյան Հաքքարի նահանգի Սեմդինլի գավառում։ Հարձակումից տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։

Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։ Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին։

PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից, ներկայացված են ժամանակագրությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *