Պետական միջոցների վատնման համար մեղադրված Վրաստանի ՊՆ 2 աշխատակից դարձյալ համակարգում են

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան շնորհավորել է պաշտպանության նախարարության՝ պետական միջոցների վատնման համար մեղադրված 2 աշխատակիցներին (մինչև վերջերս նախնական կալանքի տակ էին) նորից ՊՆ-ում աշխատանքի անցնելու կապակցությամբ։Այս մասին օգոստոսի 12-ին Ալասանիան գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ալասանիան 2012թ. Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ալասանիան 2012թ. Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ

Ըստ Ալասանիայի՝ աշխատանքի են անցել Գեորգի Լոբժանիձեն և Արչիլ Ալավիձեն։ Առաջինը ՊՆ պետական գնումների վարչության պետն էր, իսկ վերջինս՝ ՊՆ պետական գնումների հանձնաժողովի գլխավոր մասնագետը։

«Շնորհավորում եմ իմ արժանավոր աշխատակիցներին ՊՆ-ում դարձյալ աշխատանքի անցնելու կապակցությամբ և հավատում, որ մյուս 3 աշխատակիցների դեպքում էլ արդարությունը կհաղթի։ Այս փաստի համար շնորհավորում եմ նաև պաշտպանության նախարարությանը և հասարակությանը»,— գրել է Ալասանիան։

Վրաստանի պաշտպանության ներկայիս նախարար Թինաթին Խիդաշելին օգոստոսի 13-ին մեկնաբանել է այս լուրը, նշելով, որ աշխատակիցների մեղավորության կամ անմեղության հարցը ՊՆ-ն չի որոշում։  «ՊՆ-ն աշխատում է օրենքի շրջանակներում։ Երբ նրանք ներկայացրին դատարանի որոշումը, ես ստորագրեցի նրանց նորից աշխատանքի անցնելու մասին փաստաթուղթը։ Դատարանն այնպիսի որոշում է կայացրել, ըստ որի նրանք վտանգ չեն ներկայացնում»,— հայտնել է Խիդաշելին։

Նախարարը հավելել է նաև, որ այդ աշխատակիցներին չեն ազատել աշխատանքից, ինչպես ներկայացնում են վրաստանյան լրատվամիջոցները, այլ նրանց գործունեությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի հինգ աշխատակից ձերբակալվել էին մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով։ Իսկ հետաքննությունը սկսվել էր նույն թվականի հունիս ամսին, երբ հայց էր ներկայացրել ստորև նշված տենդերին մասնակցած Delta-Comm ընկերությունը։

Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել էր աշխատակիցների համար խափանման միջոց ընտրել կալանքը։ Ձերբակալությունները կապված էին ՊՆ գաղտնի գնումների հետ: Ձերբակալվել էին ՊՆ պետական գնումների հանձնաժողովի նախագահ Գիզո Գլոնտին, նույն հանձնաժողովի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչպես նաև ՊՆ պետական գնումների վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն։ ԳՇ համակարգից ձերբակալվել էին ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի հանձնաժողովի նախագահ Նուգզար Կաիշաուրին, ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի ծառայության պետ Դավիդ Ցիպուրիան։

Ըստ Վրաստանի դատախազության՝ այս պաշտոնատար անձինք ամեն ինչ արել են, որ գաղտնի գնումներում մյուս ընկերությունները սխալ տեղեկություն ստանան և հաղթող ճանաչվի վրաստանյան Silknet ընկերությունը, ինչի արդյունքում ՊՆ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին Silknet-ի հետ օպտիկամանրաթելային մալուխների գնման, ցանցային սարքավորումների տեղադրման և երաշխիքային սպասարկման պայմանագիր է կնքել։

Պայմանագրի համաձայն՝ պաշտպանության նախարարությունն այդ ընկերությանը պիտի վճարեր 3,84 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2015թ. հունվարի 16-ին պաշտպանական գերատեսչությունը պիտի ստանար ընկերությունից պատվիրված ապրանքները, որոնց իրական գինն, ըստ դատախազության փորձագետների, կազմում է 1,49 մլն ամերիկյան դոլար։

Հիշեցնենք, որ սա այն գործն է, որին ներգրավված ՊՆ աշխատակիցներին պաշտպանելու և նրանց անմեղության մասին հայտարարություններ անելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեց Իրակլի Ալասանիային։ Ալասանիան իր հերթին մինչ օրս հավաստիացնում է, որ այս սկանդալի հետևում նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *