Սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարարն ու փոխնախարարը (թարմացված)

21:45 ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով սիրիական ազգային հեռուստատեսության հաղորդագրության վրա, հայտնում է, որ հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ ներքին գործերի նախարար Մուհամմեդ աշ-Շաարան չի մահացել: «Նախարարի առողջական վիճակը կայուն է»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո տեղեկություն էր տարածվել, որ զոհերի թվում է նաև ներքին գործերի նախարարը:

19:36 Հայտնի է դարձել նաև, որ Դամասկոսում այսօրվա ահաբեկչության հետևանքով զոհվել են Սիրիայի հակաճգնաժամային շտաբի ղեկավար Հասան ատ-Թուրքմանին և Սիրիայի ընդհանուր հետախուզության քննչական ծառայության պետ Հաֆիզ Մակլյուֆը։

19:36 Սիրիան պաշտպանության նոր նախարար ունի։ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը կփոխարինի ահաբեկչության զոհ դարձած Դաուդ Ռաջիհին։ Նշանակումից հետո նա հայտարարել է, որ այդ ահաբեկչությունը չի վախեցնի զինվորականներին։ Նոր նախարարը նաև հերքել է լուրերը, թե իբր սիրիական բանակից զանգվածային դասալքության դեպքեր են արձանագրվել։

18:55 Արևմտյան երկրների ղեկավարները արձագանքում են Սիրիայի ահաբեկչական գործողությանը՝ պահանջելով ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ասադի դեմ նոր բանաձև ընդունել: Մեծ Բրիտանիայի արտգործ քարտուղար Վիլյամ Հագն ասել է. «Մենք դատապարտում ենք այս միջադեպը. այն հաստատում է ՄԱԿ կանոնադրության VII գլխի վրա հիմնված բանաձևի հրատապ անհրաժեշտությունը»»

Նմանատիպ հայտարարություններ են արել Գերմանիաի կանցլեր Անգելա Մերքելը, Ֆրանսիայի արտգործ նախարար Լորեն Ֆաբիուսը, եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետան

Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ՄԱԿ վերջին բանաձևն՝ ասելով, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը կողմնակից է հեղափոխական շարժմանը:

16:55 Սիրիական ապստամբների երկու տարբեր խմբավորումներ պնդում են, որ իրենք են կազմակերպել ահաբեկչական ակտը: «Իսլամի բրիգադ» խումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. «Մեր թիրախն էր մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ճգնաժամային կառավարման սենյակը»։

Սակայն «Ազատ Սիրիայի Բանակ» կազմակերպության խոսնակ Քասիմ Սադեդինը պնդում է, որ իրենք են կազմակերպել հարձակումը. «Սա այն հրաբուխն է որ մենք ասում էինք, որ միացնելու ենք»։

16:25 Սիրիայի անվտանգության ծառայությունից Ռոյթերսի աղբյուրը հաստատել է, որ զոհվածների թվում է Բաշիր ալ-Ասադի քրոջ ամուսին՝ պաշտպանության փոխնախարար Ասսեֆ Շավակաթը (Assef Shawkat): Ծանր վիրավոր է հետախուզության պետ Հիշամ Բեխտյարը (Hisham Bekhtyar), ով հիմա գտնվում է վիրահատության բաժանմունքում:

Ռոյթերս-ը հայտնում է, որ ինքնասպան ահաբեկիչը եղել է պաշտոնյաներից մեկին կցված թիկնապահը:

15:43 Կառավարական զորքերը շրջափակել են Շամիի հիվանդանոցի տարածքը՝ որը նշանակում է որ բարձրաստիճան զոհեր եւ վիրավորներ կան, Reuters-ին հեռախոսով տեղեկացրել է ընդիմադիրներից մեկը:

15։35 Դամասկոսում, Սիրիայի ազգային անվտանգության ծառայության շենքում պայթոյւն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ շենքում Սիրիայի անվտանգության ծառայությունների ղեկավարների և կառավարության անդամների համատեղ խորհրդակցություն էր ընթանում։ Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունն իրականացրել է ինքնասպան-ահաբեկիչը։

Հաղորդվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջան, ինչպես նաև նրա տեղակալը Ասեֆ Շաուկատը, ով ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում։ Վերջինս, ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քրոջ ամուսինն էր։

Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամադ աշ-Շահարը։ Հաղորդվում է, որ վիրավորվել են նաև կառավարության մի քանի այլ անդամներ։ Ըստ «Ռեյթերս» գործակալության` ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Լիվա ալ-Իսլամ» խմբավորումը։

15։24 Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարը մահացել է ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Սիրայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան սպանվել է ահաբեկչական գործողության ժամանակ: Լիբանանի լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվել են նաև անվտանգության ավագ սպաներ:

2 responses to “Սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարարն ու փոխնախարարը (թարմացված)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *