Պուտինը հաստատել է ՌԴ ռազմածովային նոր հայեցակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի ռազմածովային հայեցակարգի նոր տարբերակը, համաձայն որի՝ երկրի Հյուսիսային նավատորմը պետք է ուժեղացվի քանակապես և որակապես։ Այս մասին  հուլիսի 26-ին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով  հածանավը

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Պուտինը հուլիսի 26-ին՝ ՌԴ ռազմածովային ուժերի օրը, «Խորհրդային միության ծովակալ Գորշկով» ֆրեգատի վրա նիստ է հրավիրել, որի ժամանակ փոխվարչպետ Դմիտրի Ռոգոզինը զեկուցել է ռազմածովային հայեցակարգում կատարված լրացումների և փոփոխությունների մասին։

Ռոգոզինը նշել է, որ 2001-ին հաստատաված ռազմածովային հայեցակարգը, որը կազմվել էր 2020-ի հեռանկարով, անհրաժեշտ է եղել ժամանակից շուտ թարմացնել հիմանականում միջազգային իրադրության փոփոխության պատճառով։

Փոխվարչապետն իր զեկույցում ընդգծել է, որ ՌԴ ռազմածովային հայեցակարգն ընդգրկում է 4 ֆունկցիոնալ և 6 տարածաշրջանային ուղղություն՝ նախորդ 5-ի փոխարեն։ Ֆունկցիոնալ ուղղություններն են՝ ռազմածովային գործունեությունը, ծովային տրանսպորտը, ծովային գիտությունը և ծովային բնական հանածոների մշակում։

Տարածաշրջանային ուղղություններն են՝ Ատլանտյանը, Արկտիկան, Խաղաղօվկիանոսյանը, Կասպյանը, Հնդկական օվկիանոսը և ավելացված Անտարկտիդան։ Ռոգոզինի պնդմամբ, այս հավելումը պայմանավորված է այդ հատվածում վերջին շրջանում ՆԱՏՕ-ի առաջխաղացմամբ։

Ընդգծվել է նաև Ղրիմի ու մասնավորապես Սևաստոպոլի՝ տնտեսաական ինտեգրման անհրաժեշտությունը, ինչպես նաև Միջերկրական ծովում ռուսաստանյան նավատորմի ներկայության ապահովում։  

Ինչ վերաբերում է Արկտիկային, ապա այս ռազմավարական ուղղության վերաբերյալ նշվել է, որ այն բաց դարպաս է դեպի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներ, ու այդ դարպասը մշտապես բաց պահելու համար միջուկային սառցահատներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են. դրանցից առաջին երեքը նախատեսվում է հանձնել 2017-ին, 2019-ին և 2020-ին։

Նախագահ Պուտինը նշել է, որ այս հայեցակարգի լրամշակման նպատակը ՌԴ ռազմածովային քաղաքականության ամբողջականությունը, շարունակականություն և արդյունավետությունն ապահովելն ու երկրի պետական շահերն ապահովելն է։

Հավելենք, որ հուլիսի 27-ի հանդիպմանը ներկա են եղել նաև երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռազմածովային նավատորմի հրամանատար Վիկտոր Պիրկովը և արևմտյան ռազմական շրջանի ԶՈւ հրամանատար Անատոլի Սիդորովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *