Ստորագրվել է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի համատեղ ռազմական բրիգադի մասին համաձայնագիր

Հուլիսի 24-ին Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրել են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG (Lithuanian–Polish–Ukrainian Brigade) բրիգադի հրամանատարության և գործունեության վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր։Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության
կայքը։

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրում են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG  բրիգադի մասին համաձայնագիր

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրում են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG բրիգադի մասին համաձայնագիր

2009 թվականին Ուելսի Նյուպորտ քաղաքում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ որոշվել էր Ուկրաինային աջակցելու համար ստեղծել երեք երկրների համատեղ 4500 հոգանոց ռազմական բրիգադ։ Ամեն երկիր պետք է ներկայացված լիներ 1500 հոգանոց գնդով։

«Սա բրիգադի գոյության սկիզբն է, և շուտով զորքերը կսկսեն վարժանքները»,— համաձայնագրի ստորագրումից հետո ասել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը՝ հավելելով, որ Լեհաստանն ամբողջությամբ պատրաստ է հյուրընկալել ուկրաինական և լիտվական զորքերին։

«Սա Ուկրաինայի պաշտպանության նախարարության համար որոշիչ պահ է, վստահ եմ, որ այս լավ միջոցառումը լավ շարունակություն էլ ունենալու է, իսկ համատեղ վարժանքները կլինեն մշտական»,— հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ստեպան Պոլտորակը։

Համաձայնագրի ստորագրումից հետո ուկրաինական կողմը բրիգադի համակարգման խմբի հանդիպում կանցկացնի, իսկ 18 սպա կմեկնեն Լեհաստան վերապատրաստման համար։

Նշենք, որ դեռևս 2008-ին Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան ստանալու համար դիմել էր Դաշինքին, որից հետո 2009 թվականին գագաթաժողովից հետո որոշվեց ստեղծել համատեղ բրիգադ։ Նույն տարում քննարկվել է, որ յուրաքանչյուր երկրի զորախմբի տեղակայման վայրը կլինի հենց իր երկիրը, իսկ ավելի ուշ՝ 2012 թվականին, Լեհաստանի Լյուբլին քաղաքում ստեղծվում է համատեղ շտաբ, սակայն բրիգադի ստեղծման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում են։

2014 թվականի մարտին ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան այցելության ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Պյոտր Մեխեդը նորից օրակարգ է մտցրել բրիգադը ստեղծելու հարցը , իսկ նույն թվականի ապրիլին Լվովում բրիգադի ստեղծման հարցը քննարկել են Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները։ Այնուհետև 2014 թվականի մայիսին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխաիլ Կովալը հայտարարել էր, որ բրիգադի ուկրաինական ուժերը կպատրաստվեն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան և տեղակայվելու է Լվովում։ 2014թ. մայիսի 28-ին համաձայնեցվել է բրիգադի ստեղծման համաձայնագրի նախագիծը, որի ստորագրումը նախատեսվում էր 2014թ. հունիսի 18-ին, սակայն որն այդպես էլ չկայացավ։

Փաստաթուղթը վերջապես ստորագրվեց 2014 թ. սեպտեմբերի 19-ին Վարշավայում, ավելի ուշ դեկտեմբերին հայտարարվեց, որ բրիգադը ստեղծվելու է Լեհաստանում՝ Լյուբլինում։

2015 թ. փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է համաձայնագիրը, որից հետո նույն օր Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ բրիգադի կազմում լինելու է մինչև 3500 լեհաստանցի, 350 լիտվացի և 560 ուկրաինացի զինծառայող, որից 15-ը շտաբի կազմում են լինելու։

Նշվում է, որ այս բրիգադը կարող է մասնակցել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի և Եվրամիության ներքո իրականացվող առաքելությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *