Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիտերի դահլիճում կայացել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը, որին մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումական հաստատությունների շրջանավարտները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ երիտասարդ սպաներից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում, իսկ ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարևորել է զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:
Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով իրենց պարտականությունները։