Հուլիսի 14-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ընդունել է Պորտուգալիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Արթուր Նևես Պինա Մոնտեիրոյի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր՝ հուլիսի 15-ին, Պորտուգալիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի Աքսազ ռազմածովային բազայի հրամանատարություն, ռազմանավով շրջել Էգեյան ծովում։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։
Գեներալ Պինա Մոնտեիրոն այցելել է Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս գավառի համանուն նավահանգստի տարածքում տեղակայված ռազմածովային բազա, որը տեղակայված է Էգեյան ծովի ափին։ «Աքսազ» ռազմաբազան, որտեղ տեղակայված են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի «Ստորջրյա պաշտպանության» և «Ստորջրյա հարձակման» ստորաբաժանումները՝ ենթարկվում է ռազմածովային ուժերի Հարավային ծովային շրջանի հրամանատարությանը (շտաբը՝ Իզմիր), որը Թուրքիայի ռազմածովային ուժերի 4 հիմնական հրամանատարություններից մեկն է։
Ռազմաբազա այցից հետո Պորտուգալիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը Թուրքիայի ռազմածովային ուժերի Հարավային ծովային շրջանի հրամանատար, բրիգադի ծովակալ (բրիգադի գեներալ) Ջիհաթ Յայջըի, ինչպես նաև թուրքական և պորտուգալական ռազմական պատվիրակությունների հետ զբոսանավով դուրս է եկել Մարմարա ծով։ Պորտուգալացի գեներալի այցի, Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպման և այցի շրջանակներում հետագա անելիքների մասին այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։