Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երկրի նախագահին՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Գեորգի Մարգվելաշվիլիին է ներկայացրել Ֆրանսիայում հունիսի 15-ին և հուլիսի 10-ին ստորագրած ռազմական պայմանագրերի մանրամասները։ Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Մոտ մեկ ամիս անց դարձյալ Ֆրանսիայում պաշտպանության նախարարը հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ կնքել է ևս մեկ պայմանագիր։
Նախագահի նստավայրում հանդիպումից հետո Խիդաշելին քննարկումից մանրամասներ է ներկայացրել՝ նշելով. «Մենք գերագույն գլխավոր հրամանատարին ներկայացրինք ֆրանսիական կողմի հետ ստորագրած պայմանագրերի մանրամասները, ինչպես նաև ծանոթացրինք պաշտպանության նախարարության՝ ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցության հետագա պլաններին, որով պատրաստվում ենք ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը։ Հետագա բանակցություններն առանց նախագահի հետ քննարկման չէին կարող լինել։ Մենք բոլորս համաձայն ենք, որ Վրաստանի պաշտպանական կարողությունները ավելի ամուր, ուժեղ և փոխգործունակ են դառնում ՆԱՏՕ-ի հետ», — շեշտել է պաշտպանության նախարարը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էբրալիձեն, ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ հրամանատար, գնդապետ Դավիթ Աբրամաշվիլին և զինված ուժերի ցամաքային զորքերի ՀՕՊ բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Լևան Իլուրիձեն, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Պատարիան, անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին և նրա տեղակալները։
Իր հերթին անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին նշել է, որ համաձայնագրերը մանրամասնորեն ուսումնասիրվել են, բայց այնուամենայնիվ, դրանց վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրել։ Վերջինս միայն հավաստիացրել է, որ այդ ՀՕՊ միջոցները կբարձրացնեն Վրաստանի պաշտպանական կարողությունները։
Տեղեկացնենք նաև, որ Փարիզում MBDA ընկերության հետ պայմանագրի կնքելուց հետո ռուսաստանյան Ռուսաստանյան Sputniknews.com-ը հղում անելով Թինաթին Խիդաշելիին, հայտարարեց, որ աշնան վերջին Ֆրանսիայում նա կկնքի ևս մեկ «Վրաստանի անվտանգության համար կարևոր պայմանագիր»։