Երեկ՝ հուլիսի 18-ի երեկոյան, Ռուսաստանի Օմսկ քաղաքի՝ օդադեսանտային զորքերի զորամասում փլուզվել է զորանոցներից մեկը, շենքի ավերակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնցից 18-ը՝ մահացած: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ավերակների տակից դուրսբերված մյուս 19 զինծառայողներին տեղափոխել են քաղաքի բուժհաստատություններ: Նրանց մի մասին նախատեսում են շտապ տեղափոխել Մոսկվա:
Ընդհանուր առմամբ փլուզման պահին զորանոցում եղել է 337 զինծառայող: Բացի արդեն հայտնաբերված 37 զինծառայողներից, ևս 5-ը դեռ մնում է ավերակների տակ:
Օմսկի իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն՝ փլուզման պատճառը կարող էր լինել զորանոցում վերջերս կատարված վերանորոգումը, որի ժամանակ, հնարավոր է, խախտումներ են եղել: Սակայն այս տարբերակը հերքել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վերանորոգման ժամանակ շինության նախագծի փոփոխություններ չեն եղել:
[Լրացում] — Ավելի ուշ հայտնաբերվել են նաև ավերակների տակ մնացած մյուս 5 զինծառայողների դիակները: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այսպիսով, որոնումների արդյունքում հայտնաբերվել են ավերակների տակ մնացած բոլոր 42 զինծառայողները, որոնցից 23-ը՝ մահացած: