Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր՝ հունիսի 29-ին, մասնակցել է զինված ուժերի ուսումնական նոր կենտրոնի բացման արարողությանը, որը նախատեսված է հրաձգային տարբեր զենքերի, նռնականետների ու ականանետների կիրառման հմտությունների հղկման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարար Հասանովի՝ ուսումնական կենտրոն կատարած այցը լուսաբանելիս ՊՆ մամուլի ծառայությունն առանցքային տեղ է հատկացրել նաև վարժադաշտում ներկա երկու կին դիպուկահարներին, ինչը, փաստացի, դարձել է ադրբեջանական համացանցային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Նշենք, սակայն, որ ադրբեջանական բանակում կին դիպուկահարների առկայության մասին առաջին անգամ չէ, որ հայտնի է դառնում. դեռևս 2015-ի փետրվարին ադրբեջանական «ԱՆՍ» հեռուստաալիքի ռազմական հաղորդումներից մեկում ևս նրանց արվել էր անդրադարձ։
Նշենք նաև, որ կին դիպուկահարների թեմայի քարոզչական լուսաբանման շրջանակներում, Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակվել է նաև հարցազրույց նրանց հետ. դիպուկահարներից մեկը 25, մյուսը՝ 33 տարեկան է։ Նրանք երկուսն էլ զինված ուժերում ծառայում են 2014-ից։ Համաձայն հարցազրույցի, նրանցից մեկը մասնագիտացել է ռուսաստանյան «ՍՎԴ» (Снайперская винтовка Драгунова ” СВД) դիպուկահար հրացանի վրա։ Մյուս դիպուկահարի զենքը ռուսաստանյան «ՕՍՎ-96» դիպուկահար հրացանն է։
Pingback: Ադրբեջանական պաշտոնյա. «Ադրբեջանում կին զինծառայողների թիվն աճում է» | Ռազմ.info