Օգոստոսին Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի շտաբ-բնակարանը

Հունիսի 25-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։ Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստան է այցելելու ընթացիկ տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Ստոլտենբերգի այցի ժամանակ էլ նախատեսվում է Վրաստանի Վազիանի ռազմաբազայում բացել ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի շտաբ-բնակարանը։ Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն նշել էր, որ կենտրոնը նախատեսվում է բացել մինչև 2015-ի վերջ։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև 2016-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Դաշինքին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan) ստանալու հեռանկարը։

Սրա վերաբերյալ Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ MAP-ը Վրաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին կդառնա ևս մեկ անցած փուլ և կհաստատի ՆԱՏՕ-ի՝ 2008-ին Բուխարեստում հայտարարած բաց դռների քաղաքականությունը։ «Յոթ տարվա ընթացքում կատարել են մի շարք բարեփոխումներ, բացի այդ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, բայց միջազգային առաքելությունների ժամանակ ամենամեծ թվով զորախումբ ունեցող երկիրն է»,—շեշտել է Խիդաշելին։

Հիշեցնենք, որ երբ Վրաստանի պաշտպանության նախարարը այս տարվա հունիսի 1-ին դարձյալ Բրյուսելում էր և հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին, դրանից հետո վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հաղորդավարի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն վարշավյան գագաթաժողովից, Խիդաշելին ասել էր. «Վրաստանը պահանջում է, որ այն բոլոր դրական գնահատականները, խոսքերը, որ ՆԱՏՕ-ն հնչեցրել է Վրաստանի հասցեին, մասնավորապես՝ միջազգային առաքելություններում ընդգրկված զինծառայողների մասին, ունենան համապատասխան արդյունք Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Մինչև 2016-ի հուլիսի 9-ը մենք աշխատելու ենք ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան ստանալու ուղղությամբ: Դրանից հետո Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ Սրա մասին գրված է Բուխարեստի հռչակագրում, բացի այդ, սրա մասին խոսվել է նաև Ուելսի գագաթաժողովում և դա այլընտրանք չունի»։

Հատկանշական էր, որ այսքան հայտարարությունների թվում սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը խոսում է ինչ-որ բան պահանջողի դիրքերից։ Խիդաշելիի այս հայտարարություններից հետո կարելի է ենթադրել, որ Վրաստանն ինքն էլ որոշակի հստակություն է ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ի քայլերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *