Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային երկու զինծառայողների դիերը, որոնք դեռևս հունիսի 23-ին փաստացի անհայտ կորել էին, այսօր՝ հունիսի 25-ին, դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանի՝ Ղազախի շրջանին սահմանակից միջդիրքային գոտու ականապատ տարածքից։ Այս մասին տեղեկացնող հաղորդագրությունն այսօր տարածել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողների դիերն ականապատ տարածքից հնարավոր է եղել դուրս բերել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության շնորհիվ, ինչից հետո դրանք փոխանցվել են Ադրբեջանի համապատասխան մարմիններին։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 23-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զինված ուժերի երկու զինծառայող, հատելով հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի հատվածում (սահմանակից է Տավուշի մարզին), «հայտնվել են Հայաստանի տարածքում»։ Նշվում էր նաև, որ պայմանագրայիններ, կրտսեր սերժանտ Մուսաև Մուսա Սաբիր Օղլուն և կրտսեր սերժանտ Յոլչուև Թուրալ Սահիբ օղլուն «Հայաստանում են հայտնվել սխալմամբ՝ մոլորվելով լեռնաանտառային գոտում»։
Սույն հաղորդագրությունից քիչ անց հայտարարություն տարածեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով հայտնեց, որ հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած ադրբեջանցի երկու զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ-ն երաշխիքները տրամադրել է անմիջապես։ Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել էր նաև, որ ադրբեջանական զինուժի որևէ ծառայող հայկական կողմ չի անցել։
Հաջորդող օրը՝ հունիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ չնայած թույլտվության առկայությանը` ադրբեջանական կողմը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկել իր զինծառայողների դիերը դուրս բերելու ուղղությամբ։
Հավելենք, որ կրտսեր սերժանտներ Մուսաև Մուսայի և Յոլչուևը Թուրալի մահվան փաստի հաստատումից հետո կարող ենք արձանագրել, որ 2015-ի հունիսին ադրբեջանական զինուժում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում հայտնի է դարձել արդեն 10 զինծառայողի մահվան մասին։