Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային երկու զինծառայող հատելով հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի հատվածում (սահմանակից է Տավուշի մարզին) հայտնվել են Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է նաև սահմանը հատած զինծառայողների տվյալները. նրանք են կրտսեր սերժանտ Մուսաև Մուսա Սաբիր Օղլուն և կրտսեր սերժանտ Յոլչուև Թուրալ Սահիբ օղլուն։ Ըստ ադրբեջանական վարկածի, զինծառայողները Հայաստանում են հայտնվել «սխալմամբ՝ մոլորվելով լեռնաանտառային գոտում»։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից Ռազմինֆոյի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ միջադեպի մանրամասներն այժմ ճշտվում են և կհաղորդվեն՝ ստուգվելուց հետո։
Լրացում. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած ադրբեջանցի երկու զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես։
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ադրբեջանական զինուժի որևէ ծառայող հայկական կողմ չի անցել։
Pingback: Ադրբեջանցի երկու զինծառայողների դիերը հայտնաբերվել և դուրս են բերվել միջդիրքային գոտուց | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info