ՌԴ-ն հուսով է շարունակել երկխոսությունը ԱՄՆ հետ ՀՀՊ հարցերով

Ռուսաստանը հույս ունի շարունակել ԱՄՆ հետ հակահրթիռային պաշտպանության հարցերով բանակցությունները: Այդ մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, ով այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Հուլիսի 10-13-ը նախատեսված այցի շրջանակներում Նիկոլայ Մակարովը բանակցություններ կվարի ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսիի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ՀՀՊ վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին:

«Ակնկալում ենք շարունակել ՀՀՊ հարցերով բաց քննարկումները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները Լոս-Կաբոսում կայացած հանդիպումից հետո, համատեղ հայտարարության մեջ նշել են, որ կողմերը, չնայած առկա տարաձայնություններին, կշարունակեն ՀՀՊ խնդիրների լուծման ուղիների որոնումը: Մենք այդ քննարկմանը պատրաստ ենք»,-հայտնել է Նիկոլայ Մակարովը:

Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծման առաջին փուլում, որն իրականացվեց այս տարի, նախատեսվում էր Եվրոպայում տեղակայել իրենց արդյունավետությամբ արդեն իսկ աչքի ընկած պատրաստի ՀՀՊ համակարգեր, որոնք ներառում են նաև Aegis ծովային տեղակայման համակարգեր: Այդ ձևաչափը ներառում է նաև Թուրքիայում գտնվող AN/TPY-2 շարժական ռադարը:

Երկրորդ փուլը կավարտվի 2015 թվականին: Անհրաժեշտ փորձարկումից հետո նախատեսվում է տեղադրել ծովային և ցամաքային տեղակայման առավել հզոր SM-3 (Բլոկ IB) հակահրթիռներ, ինչպես նաև առավել կատարելագործված տվիչներ (սենսորներ), որոնք անհրաժեշտ են պաշտպանվող տարածքը փոքր և միջին հեռահարության հրթիռներից պատպանված տարածքի ընդլայնման համար:

Երրորդ փուլը, որը պետք է իրականացվի 2018 թվականին, ենթադրում է էլ ավելի կատարելագործված SM-3 (Բլոկ IIA) համակարգերի ստեղծում, փորձարկում և տեղակայում: 2011 թվականի հոկտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ դաշինքի ՀՀՊ համակարգը վերջնականապես կատարելագործված, բարեփոխված կլինի հենց 2018 թվականին:

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Անտոնովը, ԵվրոՀՀՊ համակարգի տեղակայման երրորդ փուլը սպառնալիք է ռուսական ռազմավարական միջուկային ուժերի արդյունավետության համար և դա պահանջում է Ռուսաստանի համարժեք պատասխան։

ՀՀՊ համակարգի ստեղծման չորրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին: Այն ենթադրում է SM-3 (Բլոկ IIB) համակարգի տեղադրում, որն անհրաժեշտ է միջին և հեռահար հրթիռային, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետագա հնարավոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային սպառնալիքների առավել արդյունավետ չեզոքացման համար:

Աղբյուրները։
РФ рассчитывает на продолжение диалога с США по вопросам ПРО
Начальник Генштаба РФ начинает визит в США для обсуждения проблем ПРО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *