«Բոինգը» ԱԹՍ-ներն օդում լիցքավորելու համակարգ է արտոնագրել

Ամերիկյան «Բոինգ» (Boeing) ընկերությունը ԱԹՍ-ները մերձգետնյա օդային տարածությունում վերալիցքավորելու վերաբերյալ արտոնագիր է ստացել ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանշանների գրասենյակի կայքը:

Ամերիկյան «Բոինգ» ընկերության արտոնագրած համակարգը, որով ԱԹՍ-ները կլիցքավորվեն թռիչքի ժամանակ՝ լարի միջոցով միանալով ցամաքային սնուցման աշտարակներին

Ամերիկյան «Բոինգ» ընկերության արտոնագրած համակարգը, որով ԱԹՍ-ները կլիցքավորվեն թռիչքի ժամանակ՝ լարի միջոցով միանալով ցամաքային սնուցման աշտարակներին

Արտոնագրի համաձայն՝ հեռակառավարվող կամ ինքնակառավարվող անօդաչու թռչող սարքերը և օդապարիկները անհրաժեշտության դեպքում մոտենում ու կախվող լարով միանում են ցամաքային էլեկտրական սնուցման աշտարակին և լարային միացման միջոցով լիցքավորում մարտկոցները՝ այդ ընթացքում կախված մնալով աշտարակի վերևում: Նման համակարգը կարող է հնարավորություն տալ, որ սարքերը հեռակառավարմամբ կամ թեկուզ ինքնուրույն լիցքավորվեն՝ միևնույն ժամանակ մնալով օդում:

Թեև սրա ռազմական կիրառման մասին չի նշվում, բայց նման համակարգը կարող է թույլ տալ, որ օրինակ՝ հետախուզական անօդաչու ուղղաթիռները լիցքավորվեն՝ առանց վայրէջք կատարելու: Քաղաքացիական կիրառման դեպքում, ինչպես օրինակ ապրանքների առաքման մեջ կիրառվելիս, սարքը կարող է աշտարակին միացած լիցքավորվել այնքան ժամանակ, մինչև առաքում կատարելու հրահանգ ստանա: Ապրանքն առաքելուց հետո սարքը կարող է վերադառնալ ու ինքնուրույն միանալ լիցքավորման աշտարակին:

Թեև «Բոինգ» ընկերությունը հիմնականում հայտնի է քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռների արտադրությամբ, բայց ընկերության կազմում գործում է նաև Insitu դուստր ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի և դրանց կից սարքավորումների արտադրության, ինչպես նաև ԱԹՍ-ների օպերատորների մարզումների մեջ: Մասնավորապես այս ընկերությունն է արտադրում ԱՄՆ զինված ուժերում կիրառվող ScanEagle և RQ-21 Blackjack հետախուզական անօդաչու թռչող սարքերը:

Այս տեսանկյունից «Բոինգ» ընկերությունը կարող է ԱԹՍ-ների մարտկոցների լիցքավորման նոր արտոնագրված համակարգը կիրառելի դարձնել հենց այս սարքերի համար:

Հետաքրքրական է նաև, որ թեև նշվում է, որ սարքերը լիցքավորվելու են ցամաքային աշտարակներից, բայց նույնատիպ աշտարակներ կարող են տեղադրվել նաև նավերի, ինքնաթիռների և այլ տեխնիկայի վրա: Այս լուծումը կարող է որոշակիորեն օգտակար լինել նաև «անօդաչուակիր ինքնաթիռների» համար, ինչպիսիք նախատեսում էր ստեղծել ամերիկյան պետական «Առաջատար ռազմական հետազոտական ծրագրերի գործակալությունը» (DARPA ” Defense Advanced Research Projects Agency):

Ամերիկյան DARPA գործակալության տեսլականը՝ «անօդաչուակիր ինքնաթիռների» մասին

Ամերիկյան DARPA գործակալության տեսլականը՝ «անօդաչուակիր ինքնաթիռների» մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *