Ռուսաստանյան «Կասպերսկի» տեղեկատվական անվտանգության կազմակերպությունը պարզել է, որ եվրոպական այն երեք երկրների հյուրանոցներում, որտեղ «Միջուկային ծրագրի շուրջ» բարձր մակարդակի բանակցություններ են անցկացվել Իրանի հետ, համակարգչային ցանցում (ներառյալ WiFi կապը) ներդրված է հետախուզական լրտեսող ծրագիր: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
Պարբերականի համաձայն՝ խոսքը այն հետախուզական վիրուսի կատարելագործված տարբերակի մասին է, որի նախնական տարբերակի՝ DUQU-ի ստեղծումը վերագրվում է իսրայելական հետախուզությանը:
Հատկանշական է, որ ուսումնասիրություններ կատարվել են եվրոպական հազարավոր հյուրանոցներում: Բոլոր համակարգերը մաքուր են եղել: Միայն բացահայտումից հետո է պարզվել, որ վարակված են հենց այն երեք հյուրանոցները, որտեղ Իրանի հետ բանակցություններ են անցկացվել:
Հավելենք, որ դեռևս այս տարվա մարտին The Wall Street Journal պարբերականում հայտնվել էր հոդված, որտեղ նշված էր Իսրայելի՝ ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները լրտեսելու փորձերի մասին:
Հետաքրքրական է, որ Իսրայելը հերքում է լրտեսելու վերաբերյալ մեղադրանքներն ու հրաժարվում DUQU հետախոզւական վիրուսի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց, բայց միևնույն ժամանակ իսրայելական իշխանություններն ընդունում են, որ խիստ վերահսկողության տակ են պահում իրանցի պաշտոնյաներին:
Նշենք, որ «Կասպերսկի» տեղեկատվական անվտանգության կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին նախկինում աշխատել է ՌԴ հետախուզական մարմիններում: