Հունգարիայի արևելքում հունիսի 11-ին վարժանքի ժամանակ տեխնիկական անսարքության պատճառով վթարվել է Հունգարիայի ՌՕՈւ JAS 39 Gripen ևս մեկ կործանիչ: Օդաչուն փորձել է վայրէջք կատարել, սակայն կործանիչը վերահսկողությունից դուրս է եկել ու ընկել: Օդաչուին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին հայտնում է հունգարական պետական MTI լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նաև հայտնում է, որ Հունգարիայի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը դեպքից հետո հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ստուգել իրենց բոլոր JAS 39 Gripen կործանիչները՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար: Պաշտոնյան միևնույն ժամանակ հավելել է, որ հունիսի 11-ի դեպքը որևէ կապ չունի Չեխիայում մի քանի շաբաթ առաջ զորավաժության ժամանակ գրանցված վթարի միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Lion Effort 2015 միջազգային ռազմաօդային զորավարժության ժամանակ թռիչքի ընթացքում չեխական Չասլավ քաղաքի մոտ դեռևս չպարզված պատճառներով վթարվել էր Հունգարիայի ՌՕՈւ-ի՝ շվեդական Saab ընկերության JAS 39 Gripen բազմանպատակային ևս մեկ կործանիչ, որի երկու օդաչուներին հաջողվել էր ժամանակին կատապուլտով դուրս թռչել և փրկվել:
Saab JAS 39 Gripen-ը թեթև, միաշարժիչ, բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է շվեդական Saab ավիաընկերության կողմից: Նախատեսված է եղել Շվեդիայի ՌՕՈւ-ի համար: Շվեդիայի ՌՕՈւ-ում կիրառության մեջ է 1997-ից:
Զանգվածը – 6622 կգ
երկարությունը – 14 մ
Թռիչքի հեռավորությունը – 3250 կմ
Առաջին թռիչքը – 1988 դեկտեմբերի 9-ին
Արժողությունը – 40–60 մլն ԱՄՆ դոլար