Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին, ծանոթանացել զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Նախարարն անակնկալ այցի ժամանակ անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Առավոտյան մարմնամարզության ժամանակ զորամասի զինծառայողներն օրվա կարգացուցակի պահանջներին համապատասխան զորամասի շարահրապարակում և ֆիզպատրաստության հրապարակում անցկացրել են ձգումներ պտտաձողի վրա, ուժային համալիր վարժություններ, վազք։ Զինանձնակազմն ակտիվորեն զբաղված է եղել շարային ու ֆիզիկական պատրաստության մարզումներով, որոնք միտված են զինծառայողների ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կոփմանը, զինվորականի կեցվածքի ձևավորմանը:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման և հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների և, ընդհանուր առմամբ, ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: