Թուրքիան և ԱՄՆ-ը ընդլայնում են իրենց ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում

Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցում են Սիրիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ  կռվող զինյալ խմբավորումներին  օդային աջակցություն ցուցաբերելու հարցի վերաբերյալ, ինչի հաստատումը կբերի  ԱՄՆ-ի և Թուրքիայի ավելի մեծ ներգրավմանը սիրիական հակամարտությունում: Այս մասին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի ժամանակ թուրքական Daily Sabah պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Սիրիայի զինյալներ

Սիրիայի զինյալներ

Օդային օժանդակությունը նախատեսված է այն գրոհայինների համար, ովքեր թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Թուրքիայի տարածքում մարզվելուց հետո վերադառնալու են սիրիական մարտադաշտ՝ պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Նախարար Չավուշօղլուն հավելել է, որ սկզբունքային համաձայնություն կա աջակցել այդ ուժերին, իսկ օգնության իրականացման ձևն արդեն բանակի խնդիրն է:

Reuters լրատվական գործակալությունը ԱՄՆ պաշտոնյաների իր աղբյուրից հաստատում է ստացել ընթացող բանակցությունների վերաբերյալ, ըստ որի՝ Նահանգները Թուրքիայի հետ քննարկում է ԻՊ դեմ պայքարում ավելի արդյունավետ պայքարելու քայլերը, բայց միևնույն ժամանակ նշել, որ հստակ որոշումներ դեռևս չկան:

Նշենք, որ Թուրքիան հարևան Սիրիայում վերջնական խաղաղության հաստատման համար զինյալների մարզումների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից մինչ օրս առաջնային պայման է համարում Սիրիայում Թուրքիային սահմանակից տարածքներում ոչ թռիչքային գոտի սահմանելն ու միաժամանակ Ասադի կառավարության դեմ պայքարելը, ինչից ԱՄՆ-ը խուսափում է՝ պատճառաբանելով, որ դա կնշանակի պատերազմ հայտարարել սիրիական պետությանը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

Հատկանշական է, որ մինչ օրս ԱՄՆ-ը, չհերքելով իր ընդդիմությունն Ասադի իշխանությանը, շարունակում է պնդել, որ իր՝ զինյալներին մարզելու ծրագրերն ուղղված են բացառապես ԻՊ դեմ, իսկ Թուրքիան, հակառակը, հայտարարում է, որ գլխավոր չարիքը ԻՊ-ն է, սակայն Ասադի իշխանությունը ևս պետք է վերացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *