Թուրքմենստանը նոր հրթիռային կատերներ կգնի Թուրքիայից

Մայիսի 5-8 Ստամբուլում անցկացված IDEF-2015 միջազգային ռազմարյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ թուրքական  Dearsan  նավաշինական ընկերությունը պայմանագիր է կնքել  Թուրքմենստանի հետ և հուլիսից սկսած այդ երկրին մատակարարելու է 6 միավոր 33-մետրանոց հրթիռային կատեր։ Այս մասին մայիսի 6-ին «Ջեյնս» ռազմական հանդեսին հայտնել է թուրքական նավաշինական ընկերության ներկայացուցիչը։

Թուրքական Dearsan նավաշինական ընկերության արտադրության 33-մետրանոց կատերի ցուցապատկեր

Թուրքական Dearsan նավաշինական ընկերության արտադրության 33-մետրանոց կատերի ցուցապատկեր

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ դեռևս 2014-ի հունիսին կնքած պայմանագրի համաձայն՝ առաջին կատերը Թուրքմենստանին պետք է տրամադրվի 2015-ի հուլիսին, իսկ մնացածը՝ մինչև 2017 թվական։

Հետաքրքիր է, սակայն, թե ում դեմ են կիրառվելու այդ ռազմանավերը: Թուրքմենստանը՝ կապված Կասպից ծովի տարածքում գտնվող նավթային հանքավայրերի հետ, որոնց մեծ մասի պատկանելությունը դեռևս վերջնականապես ճշտված չէ, բավականին լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։

Տեղին է հիշել 2013-ի միջադեպը, երբ թուրքմենական նավերը կրակել էին ադրբեջանական հանքափոր նավի ուղղությամբ, որը նավթի որոնման աշխատանքներ էր իրականացնում Սերդարի շրջանում։ Հատկապես այս իրադարձություններից հետո՝ Թուրքմենստանի նախագահ Բերդիմոխամեդովը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրի զինված ուժերի պատրաստականությանը և նավատորմի հզորացմանը։

Ռազմանավերը կառուցող ընկերության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ իրենց ընկերությունը վերջին տարիներին  Թուրքմենստանի ռազմածովային ուժերի և պետական սահմանապահ ծառայության նավերի հիմնականան մատակարարն է։ Բացի այդ, 2010-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի շրջանի Ուֆրա քաղաքում կառուցված նավաշինական-նավավերանորոգման գործարանում Dearsan ընկերությունը Թուրքմենստանի պետական սահմանապահ ծառայության պատվերով արտադրել է 8 միավոր 400 տոննայանոց YTKB տիպի (Yeni Tip Karakol Botu – նոր տեսակի պարեկանավ) կատեր, 10 միավոր 15-մետրանոց АМВ (Ani Müdahale Botu) տիպի փոքր կատեր, 1 միավոր  LCM-1 տեսակի 27-մետրանոց կատեր և մեկ քարշակ։ Բացի այդ Թուրքմենստանի ռազմածովային ուժերն արդեն պատվիրել են 2 միավոր  YTKB տիպի նոր կատերներ, որոնք 2015-ի ընթացքում պետք է հանձնվեն թուրքմենական կողմին։

Թուրքմենստանի պատվիրած 6 միավոր նոր հրթիռային կատերներն ունեն 33,05մ երկարություն, 7,1մ լայնություն։ Կատերներն աշխատում են 2 հատ MTU Diesel (M90 / M93 L) դիզելային շարժիչներով, դրանց առավելագույն արագությունը 80կմ/ժ է, իսկ առավելագույն տարածությունը՝ 563կմ՝ 65կմ/ժ միջին արագությամբ շարժվելու դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *