«Վճռական աջակցությունից» հետո ՆԱՏՕ-ն քաղաքացիական առաքելություն կսկսի Աֆղանստանում

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների  և գործընկեր երկների ներկայացուցիչների՝ մայիսի 13-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ժողովում որոշվել է  Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ավարտից հետո՝ 2016թ., անցնել քաղաքացիական ղեկավարմամբ խորհրդատվական առաքելության։ Այս մասին ՆԱՏՕ-ի կայքի փոխանցմամբ մայիսի 13-ի քննարկման ավարտին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներն Աֆղանստանում

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներն Աֆղանստանում

Ստոլտենբերգը նշել է, որ նոր առաքելությունը ղեկավարելու են քաղաքացիականներ, սակայն, միևնուն ժամանակ ներկայացված են լինելու նաև զինվորականներ՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի քաղաքացիական և զինվորական ղեկավարները 2015-ի աշնանը կքննարկեն նոր առաքելության մանրամասները և նախապատրաստական աշխատանքները։

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է նպաստել Աֆղանստանի անվտանգության ծառայությունների վերջնական կայացմանը, օգնել երկրի ինքնիշխանության հաստատմանը։

Հավելենք, որ Անթալիայում կայացած ժողովին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը: Մասնավորապես այս առիթով ՀՀ արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ժողովի ժամանակ Հայաստանը ևս վերահաստատել է իր մասնակցությունը՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը 2015-ի մարտի 22-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Աֆղանստանի իշխանությունները և իր երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որ ամերիկյան զորքերը շարունակեն տեղակայվել Աֆղանստանում։

Հիշեցնենք նաև, որ դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել է զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

Տեղին է նշել նաև, որ 2015-ի փետրվարին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2014-ի ընթացքում Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների հետևաքով տուժած քաղաքացիականների թիվը գերազանցել է 10 հազարը, որը 22 տոկոսով ավելի է՝ քան 2013-ին։ Զեկույցից պարզ է դառնում, որ 2014-ին զոհվել է 3,699, վիրավորվել՝ 6849 քաղաքացիական, սակայն, այս թվերը ևս կարող են չարտացոլել ողջ իրական պատկերը։

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Ահաբեկչությունների պատճառով Աֆղանստանում քաղաքացիական բնակչության կորուստները 2009-2014 թվականներին՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցի

Զեկույցում նշվում է, որ կորուստների մեծացումն ապացուցում է, որ Աֆղանստանի իշխանությունները միայնակ ի վիճակի չեն կանխել ահաբեկչական գործողությունները, և պաահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *