2014 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերում ծառայողական բնակարանով ապահովվել է 74 զինծառայող, իսկ ևս 141 զինծառայող բնակարան կստանա մինչև 2015թ. տարեվերջ: Այս մասին մայիսի 12-ին՝ Տավուշում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զինծառայողների սոցիալական խնդիրների մասին խոսելիս նախարարը նշել է նաև նրանց դրամական բավարարման ու կենսաթոշակների բարձրացման մասին: Այսպես, զինծառայողների դրամական բավարարումները բարձրացվել են միջինը 10 տոկոսով, և բացի այդ, աշխատանքներ են տարվում դրանք նույնքան էլ բարձրացնելու համար:
Սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների երկարամյա զինծառայության կենսաթոշակների չափերը բարձրացել են միջինը 35 տոկոսով, իսկ հաշմանդամության և կերակրողին կորցնելու կենսաթոշակները՝ միջինը 15 տոկոսով: 2015թ. հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակների չափերը կբարձրանան ևս 14 տոկոսով:
Բացի դրանից, զինծառայողներին տրամադրվող դրամական օգնությունները և փոխհատուցումները ավելացել են 10,4 տոկոսով: Զոհված, մահացած և հաշմանդամ դարձած զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով 60 ընտանիքների հատկացվել են անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ևս նույն քանակի ընտանիքների կհատկացվի մինչև տարեվերջ, տեղեկացրել է նախարարը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info