Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի փոխարեն այսուհետ կիրառվելու է Հայաստանի ընդհանուր պաշտպանական ոլորտի զարգացման պլան, որի մեջ ներառվելու են ոչ միայն զինված ուժերի, այլև մյուս պետական գերատեսչությունների համապատասխան պաշտպանական համակարգերը: Այս մասին մայիսի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սակայն չնայած փոփոխությանը՝ զարգացման պլանում հիմնական շեշտը դրվելու է զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման վրա, նշել է նախարարը:
2014 թվականը ներկայացնելով որպես ձեռքբերումների, դիրքերի կայունացման և ամրապնդման տարի՝ նախարարը խոսել է նաև նախորդ տարվա ռազմական ոլորտի մյուս բարեփոխումների, մասնավորապես՝ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացի, զինված ուժերի սպառազինության համալրումների և հայրենական ռազմական արդյունաբերության զարգացման մասին:
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, ըստ նրա, ավարտվել է գերատեսչությունների դերերի, առաջադրանքների և խնդիրների սահմանման փուլը: Վերանայման գործընթացի արդյունքներից են մասնավորապես խելամիտ պաշտպանության ու առաջադրանքի միջոցով հրամանատրման նոր մոտեցումները:
2014 թվականին զինված ուժերը հագեցվել են հեռահար ու գերճշգրիտ խոցման համակարգերով, հրետանային, զրահատանկային սպառազինությամբ, անօդաչու թռչող սարքերով և այլ միջոցներով, նշել է նախարարը՝ չհստակեցնելով ձեռբերված սպառազինության կոնկրետ մոդելները:
Բացի այդ, սպառազինությունների գնման գործընթացը հեշտացել և կարգավորվել է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, թողարկման, փորձարկումների և գնումների ստանդարտացման համակարգի ներդրմամբ: Իսկ ռազմական արդյունաբերության ոլորտի իրավական կարգավորումը թույլ է տվել ավելի արդյունավետ դարձնել զինված ուժերի սպառազինության պատվերների կատարումը, մասնավորապես հայրենական արտադրողների կողմից:
Pingback: Armday – ՀՀ ԶՈւ զարգացման պլանը փոխարինվելու է ընդհանուր պաշտպանական համակարգի զարգացման պլանով
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info