Ուկրաինայում դարձյալ վրաստանցի մարտիկ է զոհվել

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Շիրոկինո գյուղի մարտերում զոհվել է Վրաստանի քաղաքացի Գեորգի Ջանելիձեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հայտնել է Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին՝ հրապարակելով Ջանելիձեի լուսանկարը։

Ուկրաինայում կռված վրաստանցի Գեորգի Ջանելիձեն

Ուկրաինայում կռված վրաստանցի Գեորգի Ջանելիձեն

Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվամիջոցները, Ջանելիձեն զոհվել է ապրիլի 18-ին մի քանի ժամ տևած կռիվների ժամանակ։ Վերջինս ծառայել է կառավարական ուժերի «Ազով» գնդում որպես վրաստանցի կամավորական։

Մեկնաբանելով մարտիկի զոհվելու լուրը՝ ապրիլի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նշել է, որ պետությունը հոգալու է մարտիկի դին Վրաստան տեղափոխելու և հուղարկավորության ողջ ծախսերը։ Ջանելիձեն հայտնել է նաև, որ ըստ ամենայնի՝ դին կտեղափոխվի Վրաստան մինչև շաբաթվա վերջ։

Նշենք, որ Ռազմինֆոյի մշտադիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ սա հայտնի դարձած 3-րդ սպանվածն է 2015 թվականին։ Հայտնի է դարձել նաև մի քանի վրաստանցու վիրավորվելու մասին։

Հատկանշական է, որ ապրիլի 12-ին, երբ կաթոլիկ եկեղեցին նշում էր սուրբ Զատիկը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Ուկրաինայում կռվող վրաստանցի 30 զինծառայողի և նրանց հետ միասին նշել տոնը։ Այս մասին իմանում ենք Սաակաշվիլու ֆեյսբուքյան էջից։ Սաակաշվիլին զինծառայողների հետ զրույցում ևս մեկ անգամ հավաստիացրել էր, որ վերջիններս կռվելով Ուկրաինայի համար պաշտպանում են ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Վրաստանը։

Սաակաշվիլին նաև հայտնել էր, որ շատ վրաստանցիներ ազատվել են իրենց ծառայությունից ԶՈւ-ից կամ ՆԳՆ-ից և հատուկ գնացել Ուկրաինա։
Հարկ է նշել, որ Ուկրաինայում կռվող վրաստանցիների իրական թիվը հայտնի չէ, չնայած տարբեր հաշվարկներով այն հասնում է 100-ի։ Ուկրաինայում կռվողների թեման դեռևս 2014թ. վերջերին լայնորեն քննարկվում էր վրաստանյան մամուլում, քանի որ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե վրաստանյան շատ զինծառայողներ այդ օրերին Ուկրաինայի քաղաքացիություն են ստանում և որ իբր Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիություն տալ այն վրաստանցիներին, ովքեր կծառայեն ուկրաինական բանակում։

Սաակաշվիլիի հայտարարությանը պատասխանել էր Վրաստանի ՊՆ-ն՝ նշելով, որ դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, երբ զինված ուժերից զինծառայողներ գնան Ուկրաինա, թեև տեղեկություններ ունեն, որ այնտեղ կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր այժմ չեն ծառայում։

Հավելենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ. դեկտեմբերի 18-ին երկրի խորհրդարան է անցկացրել օրենքի նախագիծ, որի ընդունվելու դեպքում Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում:

Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերելու էին այժմ Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։ Սակայն ընդամենն օրեր անց հստակեցվեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում կռվող վրաստանցիների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *