ՀԱՊԿ երկրները կարող են ռազմական արտադրանք և մասեր մատակարարել ՌԴ ձեռնարկություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները կարող են ներգրավվել Ռուսաստանի ռազմարդյունաբերության տեղայնացման գործընթացին։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նա ավելացրել է, որ ՀԱԿՊ երկրներն ունեն համապատասխան արտադրական պոտենցիալ, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին ռազմական արտադրանք և դրա մասեր մատակարարելու համար:

Նախկինում այդ մատակարարումը կատարվում էր այլ երկրների հետ համագործակցությամբ, սակայն ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, մասամբ նաև ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրը ստիպված էր հրաժարվել արտասահմանից ռազմական արտադրանքի և մասերի ներկրումից: Ներկրվող արտադրանքի փոխարեն ռուսաստանյան կողմը որոշել էր փոխարինել դրանք տեղական արտադրությամբ:

Ներկայում, ըստ Բորդյուժայի, ՀԱՊԿ-ն արդեն իսկ համագործակցում է ՌԴ ռազմարդյունաբերական խորհրդի և ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչ հնարավորություններ ունեն կազմակեչպության անդամ երկրների գործարաններն ու ինչպես կարող է դրանց արտադրանքը փոխարինել այլ երկրներից Ռուսաստան չներկրվող արտադրանքին:

Հիշեցնենք նաև, որ ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ, ռազմարդյունաբերական խորհրդի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների փոխվարչապետների մակարդակով նախատեսվում է ստեղծել խորհուրդ, որը պատասխանատու կլինի կազմակերպության երկրների ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության համար:

One response to “ՀԱՊԿ երկրները կարող են ռազմական արտադրանք և մասեր մատակարարել ՌԴ ձեռնարկություններին

  1. Pingback: Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *