Ապրիլի 12-ին Աֆղանստանից Վրաստան է ժամանել երկրի զինված ուժերի 5-րդ բրիգադի 51-րդ գումարտակի անձնակազմի մի մասը, որն ամերիկյան հրամանատարության ներքո 6 ամիս ծառայել է Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։
Գումարտակի 150 զինծառայողներին Վրաստանի Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում դիմավորել են երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գոչա Ռատիանին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն։ Վերջիններս շնորհակալություն են հատնել զինծառայողներին իրենց առջև դրված առաջադրանքն անկորուստ կատարելու համար։ Զորախմբի մյուս մասը Վրաստան կվերադառնա առաջիկա շաբաթվա ընթացքում։
Հավելենք, որ ԶՈւ 51-րդ գումարտակը դեռևս 2014թ. նոյեմբերին պաշտոնապես ներգրավվել էր Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) խաղաղապահ առաքելության եզրափակից փուլին։ ISAF-ի առաքելությունից հետո գումարտակը շարունակեց իր ծառայությունն արդեն նոր «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքում։ Գումարտակի հրամանատարն է Կոբա Գրիգոլիան։
51-րդ գումարտակին Աֆղանստանում փոխարինելու է գնացել 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակը, որն արդեն Աֆղանստանում է։ 43-րդ գումարտակն առաջիկա 6 ամիսների ընթացքում ամերիկյան ծովային հետևակի զինծառայողների հետ մասնակցելու է բոլոր գործողություններին։ Նրանց գլխավոր խնդիրը նույնպես Բահրամ ավիաբազայի անվտանգության ապահովումն է։
Տեղեկացնենք նաև, որ Աֆղանստան մեկնող զինծառայողները մի քանի ամիս վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում։
Հիշեցնենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։