Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի Աղդամի հատվածում, ըստ ադրբեջանական վարկածի՝ մարտի 27-ին, սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ սպանված զինծառայողը հողին է հանձնվել մարտի 28-ին՝ Լենքորանի շրջանի հայրական Աշաղը Նյուվեդի գյուղում։
Գործակալության հաղորդած տվյալների համաձայն, 1980-ին ծնված Իգբալ Ահմադովը 1998-ին ընդունվել էր զինված ուժերի՝ Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ուսումնարան։ 2003-2004 թվականներին սովորել էր ՊՆ ուսումնակրթական կենտրոնում, ինչից հետո ծառայության էր անցել զինված ուժերում՝ առաջնագծում։
Հավելենք, որ 2015-ի մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 10-րդ կորուստն է։ Բացի այդ, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանված ևս 3 զինծառայողի մասին ավելի վաղ՝ մարտի 7-ին, հայտնել էր հայկական Times.am լրատվակայքը։ Ադրբեջանի ՊՆ-ն այդ տեղեկությունը որևէ կերպ չմեկնաբանեց։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info