Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածք, Թուրքիայի ԶՈւ-ն պատասխանել է

Սիրիայի կառավարական զորքերը զինված խմբավորումների հետ բախումների ընթացքում արձակված հրթիռներից մեկը հատել է Թուրքիայի սահմանը և ընկել հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում տեղակայված զորամասից 200մ հեռավորության վրա։Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Սիրիայից արձակված հրթիռի պայթյունից առաջացած փոսը Թուրքիայի Հաթայ նահանգում

Սիրիայից արձակված հրթիռի պայթյունից առաջացած փոսը Թուրքիայի Հաթայ նահանգում

Հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի կառավարական զորքերի արձակած հրթիռը պայթել է Ռեյհանլը գավառի համանուն քաղաքի մոտակայքում: Դեպքի հետևանքով թուրքական կողմում զոհեր չեն գրանցվել, վիրավորվել է 5 քաղաքացի։

Պայթյունի վայրից ընդամենը 200 մետր հեռավորության վրա տեղակայված է Թուրքիայի ԶՈւ Հաթայի 2-րդ սահմանային գնդի՝ Ռեյհանլիի սահմանային վաշտը: Պայթյունի հետևանքով վնասվել են զորամասի մի շարք շենքերի կտուրներ և պատուհաններ, իսկ պայթյունի վայրում առաջացել է 15մ լայնությամբ և 7մ խորությամբ փոս։

Դրան ի պատասխան՝ թուրքական կողմը Հաթայի Յայլադաղը սահմանային զորամասում տեղակայված երկու միավոր T-155 Fırtına հաուբիցներով կրակել է Սիրիայի կառավարական զորքերի հրետանային համակարգերի ուղղությամբ։

Հաղորդագրոթյունում նշվում է նաև, որ Թուրքիայի ԶՈւ-ն իր երկրի տարածք ընկած ցանկացած գնդակի դեպքում իրեն իրավունք է վերապահում պատասխան կրակ արձակել։

Միևնույն ժամանակ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքի` մարտի 26-ին հաղորդած տեղեկությունների համաձայն` Սիրիայի կառավարական զորքերը հրթիռն արձակել են իրանական արտադրության «Ֆաթեհ-110» միջին հեռահարության հրթիռային համակարգից:

Նշվում է, որ Սիրիայի կառավարական զորքերը 5 միավոր «Ֆաթեհ-110» հրթիռային համակարգերով ռմբակոծում էին Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղակայված զինյալ խմբավորումների դիրքերը, ինչի ժամանակ` մոտ 185կմ հեռավորությունից արձակված հրթիռներից մեկը սխալ հաշվարկների պատճառով հատել է թուր-սիրիական սահմանը:

Անդրադառնալով Թուրքիայի խնդրանքով` սիրիական հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար  ՆԱՏՕ-ի երեք երկրների կողմից Թուրքիայում տեղակայված Patriot ՀՕՊ համակարգերին` կայքը նշում է, որ Գազիանթեփում, Ադանայում և Քահրամանմարաշում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից ոչ մեկին չի հաջողվել չեզոքացնել Սիրիայից արձակված հրթիռը, քանի որ վերջինիս խոցման վայրը գտնվում է ՀՕՊ համակարգերի ռադարային տեսանելիության սահմաններից դուրս:

Նշենք նաև, որ 2013-ի օգոստոսին թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության հայտնած տեղեկությունների համաձայն` Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայվել է ամերիկյան արտադրության 6 միավոր I-Hawk զենիթահրթիռային համալիր: Համալիրները, որոնցից յուրաքանչյուրը կրում է միջին հեռահարության 3 հրթիռ, ուղղվել են թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց՝ երկրի օդային տարածքը Սիրիայի օդուժից պաշտպանելու համար:

Ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։

Համակարգերի MIM-104 հրթիռներն ունեն 410 մմ տրամաչափ ու 5,3 մետր երկարությունը։ Հրթիռի զանգվածը 912 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 91 կգ։ Հրթիռների խոցման առավելագույն հեռավորությունը 80 կմ է, բարձրությունը՝ 24 կմ։ Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։

One response to “Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածք, Թուրքիայի ԶՈւ-ն պատասխանել է

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *