[Լրացված] Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

Փետրվարի 18-19-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավարևելյան Հաթայ նահանգից առաջին անգամ հրթիռակոծել են Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական PYD-ի դիրքերը, ինչպես նաև շարունակել են Քիլիսի շրջանից հրետակոծել Ազեզի մոտակայքում Սիրիայի քրդերի դիրքերը: Սիրիայի քրդերի հրթիռակոծությունների մասին փետրվարի 19-ին հայտնել է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվակայքը` նշելով, որ հրթիռակոծությունների համար օգտագործվել են Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի Քըրըխան գավառում տեղակայված Stinger և I-Hawk զենիթահրթիռային համալիրները:

Լրացում․ Սակայն նշված համալիրները հակաօդային պաշտպանության միջոցներ են և արձակում են «ցամաք-օդ» դասի հրթիռներ։ Համալիրների մարտավարատեխնիկական բնութագրերի լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև տեսականորեն հնարավոր է խոցել նաև ցամաքային թիրախներ, սակայն մի շարք գործոններ դա բավականին ոչ էֆեկտիվ են դարձնում։ Նշված ԶՀՀ-ների հրթիռները անհամեմատ ավելի քիչ մարտական լիցք ունեն՝ քան ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված հրթիռները, բացի այդ կան նաև մի շարք այլ խանգարող գործոններ։

Ազեզի շրջանում քրդական դիրքերի հրետակոծությունների մասին հայտնել են թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը և «Հյուրիեթ» պարբերականը:

Փետրվարի 18-ի երեկոյան և 19-ի առավոտյան թուրքական զինուժը Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըխան գավառի Չամսարը (Çamsarı), Այգրգյոլու (Aygırgölü) և Քյուրթնասըր (Kürtnasır) գյուղերի մոտակայքի բլուրներում տեղակայված նշված զենիթահրիթառային համալիրներով հրթիռակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքում և շրջակայքում քրդական դիրքերը:

Հրթիռակոծություններին զուգահեռ` թուրքական զինուժը շարունակել է Քիլիսի շրջանից հրետակոծել Սիրիայի Ազեզ քաղաքի հարավային մասերում տեղակայված քրդական ուժերի դիրքերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինվորականներ տեղափոխող ավտոշարասյան մոտ մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով սպանվել էր Թուրքիայի 28 քաղաքացի, այդ թվում` 27-ը Թուրքիայի ԶՈւ անձնակազմից, որից 22-ն էլ` ռազմական օդաչուներ:

Թուրքիայի վարչապետը ահաբեկչության համար մեղադրել էր Սիրիայի քրդական PYD-ին և վերջինիս զինված ուժեր YPG-ին: Սակայն քրդական կառույցի ղեկավարը հերքել էր իրենց հնարավոր մասնակցության մասին տեղեկությունները:

Առաջին հայացքից թվում է, որ փետրվարի 13-ից Սիրիայի Ազեզի շրջանում քրդական ուժերի շարունակական հրետակոծություններից բացի Աֆրինի շրջանում այդ ուժերի հրթիռակոծություններին անցումը կապված է նաև նշված ահաբեկչության հետ:

Սակայն առավել վաղ` փետրվարի 10-ին, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել էր Հաթայ նահանգում տեղակայված հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներ, մասնավորապես` նույն HAWK զենիթահրթիռային համալիրների տեղակայման շրջաններ, որոնցից էլ փետրվարի 18-19-ին թուրքական զինուժը հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը:

Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ նմանատիպ գործողություններ սկսել էին մշակվել ավելի վաղ` քան Անկարայի ահաբեկչական պայթյունն էր:

Հաթայ նահանգի I-Hawk զենիթահրթիռային համալիրների տեղակայման շրջան այցի ժամանակ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարին ցույց են տալիս Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական ուժերի դիրքերը

Հաթայ նահանգի I-Hawk զենիթահրթիռային համալիրների տեղակայման շրջան այցի ժամանակ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարին ցույց են տալիս Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական ուժերի դիրքերը

Փետրվարի 13-ից սկսած Սիրիայի քրդերի դեմ թուրքական զինուժի գործողություններին, միջազգային արձագանքներին, ինչպես նաև քրդական ուժերի գործողություններին կարող ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածներում:

Նշենք նաև, որ 2013-ի օգոստոսին թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության հայտնած տեղեկությունների համաձայն` Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայվել է ամերիկյան արտադրության 6 միավոր I-Hawk զենիթահրթիռային համալիր: Համալիրները, որոնցից յուրաքանչյուրը կրում է միջին հեռահարության 3 հրթիռ, ուղղվել են թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ:

Թուրքիայի ԶՈւ I-Hawk զենիթահրթիռային համալիր

Թուրքիայի ԶՈւ I-Hawk զենիթահրթիռային համալիր

One response to “[Լրացված] Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14 – 20 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *