Մարտի 23-ին՝ Պակիստանի անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, երկրի զինված ուժերը ներկայացրել են տեղական արտադրության Burraq (Բուրաք) մարտական, հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին տեղեկացնում է Air Recognition ռազմական լրատվական կայքը:
Անօդաչու թռչող սարքն առաջին անգամ է պաշտոնապես ներկայացվել հանրությանը, թեև սարքը 2013-ի նոյեմբերից ընդունված էր երկրի սպառազինության մեջ: Իսկ 2015-ի մարտի 13-ին պակիստանյան զինված ուժերի զորավարժության ընթացքում կատարված փորձարկումների ժամանակ ԱԹՍ-ն հաջողությամբ արձակել էր նույնպես տեղական արտադրության լազերային նշանոցով ուղղորդվող Barq հրթիռ, որը խոցել էր նախատեսված թիրախը:
Պակիստանում անօդաչու թռչող սարքը նախատեսվում է կիրառել զինված ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Զինվորականները վստահեցնում են, որ ԱԹՍ-ի՝ սպառազինության մեջ ընդունումը լուրջ հաջողություն է ապահովելու կառավարական ուժերի համար:
Ավելացնենք, որ պակիստանյան ԱԹՍ-ն, ինչպես նշվեց, կրում է սպառազինություն, մասնավորապես Պակիստանում արտադրված Barq «օդ-մակերևույթ» կառավարվող հրթիռներ, ինչպես նաև տարբեր տեսախցիկներ: Սարքն իր առաջին թռիչքը կատարել է դեռևս 2009-ին, բայց մինչև այժմ էլ դրա մասին տեղեկությունները սակավաթիվ են: