Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան 100 միավոր զրահափոխադրիչ է ստանալու

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ 201-րդ ռազմաբազան 2015 թվականին կստանա մոտ 100 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ, որոնք փոխարինելու են սպառազինության մեջ եղած ռազմական տեխնիկային։ Այս մասին, ըստ ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության, հայտնել է ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը։

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

Նա նշել է, որ նոր զրահափոխադրիչները կփոխարինեն ռազմաբազայի զինանոցում առկա հնացած տեխնիկային՝ հավելելով, որ ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ շահագործելու համար արդեն իսկ վերապատրաստվել են ռազմական շրջանի՝ Սամարայի շրջանում տեղակայված զորամասերում։

Ավելացնենք, որ 8×8 անվային ընթացամասով ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Այն խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչի ռուսաստանյան արդիականացումն է:

ԲՏՌ-82Ա արդիականացումը զրահափոխադրիչի բազային տարբերակից տարբերվում է սպառազինությամբ. բազային 14,5 մմ ԿՊՎՏ գնդացրի փոխարեն ԲՏՌ-82Ա տարբերակի վրա տեղադրված է 30 մմ 2Ա72 ավտոմատ թնդանոթ, որին կցված է 7,62 մմ ՊԿՏ գնդացիրը: Բացի այդ, ԲՏՌ-82ԱՄ-ի վրա տեղադրված են սպառազինության կայունացման համակարգ և այլ սարքավորումներ: Զրահափոխադրիչի վրա ավելացվել է նաև հակաբեկորային պաշտպանության հավելյալ զրահ:

Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-82Ա-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:

One response to “Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան 100 միավոր զրահափոխադրիչ է ստանալու

  1. Pingback: Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զորավարժության ժամանակ կիրառվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *