Դաղստանում կրկին հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Այսօր՝ մարտի 16-ի գիշերը, Դաղստանի 4 շրջաններում և 2 քաղաքում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել։  Գործողությունների նպատակն է գտնել զինյալների։

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի շտաբին։

Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել Խասավյուրտի, Կիզիլյուրտի, Կազբեկի, Նովոլակսկիի շրջաններում,   Խասավյուրտ և Կիզիլյուրտ քաղաքներում։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Դաղստանում այսպիսի ռեժիմ է հայտարարվում, որի ընթացքում ոչնչացվում են զինված խմբավորումների անդամներ։

Ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունն առաջացել է  այն պատճառով, որ 2015 թվականին Դաղստանում արդեն մի քանի անգամ հարձակումներ էին եղել ոստիկանության աշխատակիցների վրա։ Մասնավորապես՝ հունվարի 7-ին  Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել էին։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։

Նույն Խասավյուրտում հունվարի 15-ին գրանցվել էր մեկ այլ միջադեպ, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։ Եվս մեկ միջադեպ եղել էր հունվարի 27-ին, ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։

Փետրվարի 24-ին դարձյալ Խասավյուրտում (Կիզիլյուրտի հետ սահմանակից են) զինված ուղևորները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, 2 զինյալ և 1 ոստիկան սպանվել էին, զինյալներից ևս մեկը կարողացել էր թաքնվել։

Մարտի 2-ին էլ հայտնի դարձավ, որ  դեռևս փետրվարի 25-ից հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ հայտարարված  4 գյուղերում հանվել է  ռեժիմը։ Գործողությունների արդյունքում սպանվել է 7 զինյալ:

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև նմանատիպ զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *