ԱՄՆ կառավարությունը «միջուկային հովանոց» է առաջարկել Պարսից ծոցի՝ իր դաշնակից արաբական երկրներին՝ Իրանի կողմից սպասվող հնարավոր միջուկային հարձակումը կանխելու համար։ ԱՄՆ-ի այս քայլը քննադատել է Իսրայելի վարչապետը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Times պարբերականը՝ հղում արաբական «ալ-Հայաթ» թերթին։
ԱՄՆ-ի կողմից առաջարկվող «միջուկային հովանոցը» նշանակում է, որ այդ արաբական երկրների դեմ ուղղված յուրաքանչյուր ատոմային հարված, ինչպես նաև ատոմային հարվածի հնարավոր վտանգ դիտվելու է իբրև հարված՝ ուղղված ԱՄՆ-ին։ Միացյալ Նահանգները, լինելով միջուկային գերտերություն, պարտավորվում է պաշտպանել ատոմային զենք չունեցող այն երկրներին, որոնք ընդգրկված են իր «միջուկային հովանոցի» պաշտպանական ծրագրում։ Նշենք, որ մինչ այս այդպիսի պաշտպանության մեխանիզմ գործում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպես նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև։
Հայտարարությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մարտի 3-ին քննարկում էր անցկացնում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի, Քաթարի և Օմանի արտգործնախարարների հետ։
Նշվում է, որ Նահանգներն այս քայլին դիմել է՝ հաշվի առնելով Իրանի գործոնը Պարսից ծոցի տարածաշրջանում և հնարավոր կանխատեսվող վտանգն այդ արաբական երկրների համար, եթե Իրանն ատոմային զենք ստեղծի։ Այս խնդիրն անհանգստացնում է նաև արաբական երկրներին, որորվհետև եթե Իրանն ատոմային զենք ունենա, ապա դա կմեծացնի տարածաշրջանում նրա ազդեցությունը։ Անհրաժեշտ է նշել, որ ԱՄՆ-ն այս քայլին գնացել է նաև այն բանի համար, որպեսզի չկորցնի արաբական երկրների դաշնակցությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ եթե «ատոմային հովանոցի» մասին շրջանառվող լուրերը ճիշտ են, ապա այդ պարագայում առաջանում է երկու կարևոր խնդիր: Առաջին հերթին դա նշանակում է, որ Իրանն ամենայն հավանականությամբ ատոմային զենք արդեն ունի, քանի որ հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչից է պաշտպանվելու Պարսից ծոցը։ Երկրորդ հերթին, եթե Իրանն ատոմային զենք չունի, ապա այս քայլը նշանակում է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի կանխի ատոմային զենքի ստեղծումն Իրանում, և դա վատ է։