ԱՄՆ բանակի ստորաբաժանումները՝ շուրջ 3.000 հոգանոց անձնակազմով և 120 միավոր զինտեխնիկայով, 2015-ի մարտի 9-ին Liberty Promise նավով ժամանել են Լատվիա՝ ՆԱՏՕ-ի Atlantic Resolve գործողության շրջանակներում զորավարժություն անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ զորախումբը Մերձբալթիկայում կմնա շուրջ 3 ամիս։
Նշվում է, որ զորավարժությանը մասնակցելու են նաև նախկին խորհրդային պետություններ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք 2004-ից անդամակցում են ՆԱՏՕ-ին։
Լատվիա ժամանած ամերիկյան զինտեխնիկայի թվում են Abrams տանկեր, Bradley զրահամեքենաներ, M113 զրահափոխադրիչներ և այլ միջոցներ։ Նավահանգստում զորախմբի ժամանման գործընթացին հետևել է ամերիկյան բանակի գեներալ Ջոն Օ’Քոննորը, ով ավելի վաղ հայտարարել էր՝ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Լատվիայում նպատակ ունի ցույց տալ ՌԴ նախագահ Պուտինին, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են միավորվել և դիմակայել վտանգին։
Նշենք, որ մերձբալթյան երկրներում Ռուսաստանի նկատմամբ խուճապային տրամադրություններն առավեկ սուր դարձան հատկապես վերջինիս կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելուց հետո։
Հիշեցնենք նաև, որ 2015-ի փետրվարի 24-ին՝ Էստոնիայի անկախության տոնի առթիվ, Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում անցկացված զինվորական շքերթին մասնակցել էին նաև ԱՄՆ բանակի զինտեխնիկան և Մեծ Բրիտանիայի ԶՈւ զինծառյողները՝ այդ կերպ շքերթին հաղորդելով հակառուսաստանյան երանգ։
Pingback: ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունը Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին | Ռազմ.info