Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն Իսրայելին երկարատև խաղաղություն հաստատելու առաջարկների փաթեթ է փոխանցել։ Փաթեթում ներառված են այն պարտավորությունները, որոնք ՀԱՄԱՍ-ը կստանձնի, եթե Գազայի հատվածն ապաշրջափակվի։ Այս մասին մարտի 9-ին հայտնում է իսրայելական Times of Israel կայքը։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչներն այս որոշմանն են հանգել արևմտյան դիվանագետների հետ անցկացրած քննարկումներից հետո։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են առնվազն 5 տարով խաղաղության համաձայանություն կնքել, ինչի հիման վրա հակառակորդները կպարտավորվեն երկկողմանի դադարեցնել ռազմական բոլոր (այդ թվում նաև օդային և ստորգետնյա) գործողություններն այդ հատվածում։ Միևնույն ժամանակ, սակայն, Իսրայելը պետք է ապաշրջափակի Գազայի հատվածը, հանի բոլոր տեսակի սահմանված արգելքները, թույլատրի նավահանգստի և օդանավակայանի կառուցումը։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ վարած արևմտյան դիվանագետների շարքում եղել է նաև Շվեյցարիայի հյուպատոս Պոլ Գարնիեն, ով աջակցել է ՀԱՄԱՍ-ի ներակայացրած ծրագրին։
ՀԱՄԱՍ-ի առաջարկած մեխանիզմներն ընդգրկում են հետևյալ կետերը.
1. ՀԱՄԱՍ-ի համաձայն է 1967 թվականի սահմաններով և Երուսաղեմ մայրաքաղաքվ Պաղեստին պետության ստեղծմանը՝ չհրաժարվելով պաղեստինյան փախստականներին վերադարձնելու իրավունքից։
2. ՀԱՄԱՍ-ի շահագրգռված է խաղաղության պահպանմամբ և ցանկանում է միջնորդավորված բանակցություններում՝ օդանավակայանի և նավատորմի ստեղծման մասին քննարկված հարցը տեղափոխել բուն բանակցությունների փուլ։
3. ՀԱՄԱՍ-ը պարտավորված է հետևել «Պաղեստինի խաղաղության պայմանագրի» և խաղաղության հաստատման այլ պայմանագրերի կետերին։
4. ՀԱՄԱՍ-ը շահագրգռված է միջազգային հասարակության հետ հարաբերությունների բարելավման հարցում և կցանկանար նաև քննարկել այն հարցերը, որոնք կապված են միջազգային կայունության և խաղաղության հետ։
5. ՀԱՄԱՍ-ը պահանջում է հանել շրջափակումը։
6. ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ բացվեն սահմանային անցակետերը և Գազայի հատվածի վերականգման աշխատանքներն արագացվեն։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ իրենք կողմ կլինեն նաև երկարատև խաղաղության հաստատմանը, եթե իրենց նշած պայմանները կատարվեն՝ միևնույն ժամանակ փաստելով, որ խմբավորումը գիտակցում է այն հանգամանքը, որ համաձայնության հաստատումը հնարավոր չի լինի մինչև մարտի 17-ի՝ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նշում են, որ Իսրայելը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել իրենց առաջարկներին։
Հավելենք, որ փետրվարի 15-ին ՀԱՄԱՍ-ի անդամները «Մերձավորարևելյան քառյակի» ներկայացուցիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Թոնի Բլեերին են փոխանցել փաստաթղթի անգլալեզու տարբերակը։
Նշենք, որ «Մերձավորարևելյան քառյակը»՝ Իսրայելի և Պաղեստին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու նպատակով ստեղծված հանձնաժողով է, որին անդամակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և Եվրամիությունը։
Ավելացնենք, որ ՀԱՄԱՍ (ամբողջական անվանումով՝ Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյյա, արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում») պաղեստինյան իսլամամետ կուսակցություն է, որն այժմ վերահսկում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ը հիմնվել է 1987-ին՝ Պաղեստինի Գազա քաղաքում, երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների» իսլամական կազմակերպության պաղեստինյան թևի և «Պաղեստինի իսլամական ջիհադի»հիմքի վրա։ Կազմակերպությունը հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։
Սակայն 1989 թվականին կազմակերպությունը փոփոխություններ մտցրեց իր կանոնադրության մեջ՝ հայտարարելով, որ ճանաչում է Իսրայել պետությունը և պատրաստ է բանակցել վերջինիս ղեկավարության հետ: