Իրանի ՌԾՈւ հրամանատարն այցելել է Ղազախստան

Մարտի 2-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ, Հաբիբոլլա Սայարին այցելել է Ղազախստան և հանդիպել այդ երկրի  ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Ժանդարբեկ Ժանզակովին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։

Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլլա Սայարին և Ղազախստանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Ժանդարբեկ Ժանզակովը

Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլլա Սայարին և Ղազախստանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Ժանդարբեկ Ժանզակովը

Իրանի ՌԾՈւ հրամանատարը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն անչափ կարևոր են, քանի որ երկուսն էլ իրենց տարածաշրջաններում ազդեցիկ երկրներ են, ինչպես նաև ընդհանուր սահման ունեն Կասպից ծովում։ Սայարին նշել է, որ անհրաժեշտ է համագործակցել ռազմածովային ուժերի կադրերի պատրաստման հարցում՝ այդ թվում նաև համագործակցելով ուսանողների փոխանակման, ինչպես նաև ռազմական տեխնիկայի վերանորոգման, արտադրության ոլորտներում ու համատեղ զորավարժությունների անցկացմամբ։

Նշվում է, որ Իրանի ՌԾՈւ հրամանատարը Ղազախստանում մնալու է մինչև մարտի 6-ը, և այդ ընթացքում այցելելու է ղազախստանյան մի շարք ռազմարդյունաբերական գործարաններ՝ այդ թվում Kazakhstan Engineering ընկերություն, որը ենթարկվում է Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։

Նշենք, որ Kazakhstan Engineering ընկերությունը մասնագիտացած է ռազմական տեխնիկայի արտադրության և վերանորոգման, ինչպես նաև նավթագազային, երկաթուղային և գյուղատնտեսական համակարգերի համար անհրաժեշտ պահեստամասերի արտադրության գործում։

Այցի ընթացքում Իրանի ՌԾՈւ հրամանատար Սայարին նաև ելույթ է ունենալու Ղազախստանի «Ազգային պաշտպանության համալսարանում», այցելելու է Աքթայի զորամաս, ռազմածովային ուժերի ուսումնական զորամաս, ուսումնասիրելու է Ղազախստանի հրթիռա-հրետանային ռազմանավերից մեկը:

Նշենք, որ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի այցը պատասխան այց էր։ 2013-ի հոկտեմբերին Իրան էր այցելել Ղազախստանի ՌԾՈւ հրամանատար կոնտր-ծովակալ Ժանդարբեկ Ժանզակովը։ Այցի ընթացքում նա եղել էր Հոմեյնիի անվան ռազմածովային ինստիտուտում և Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *