Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցել են ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված է եղել Հայաստանի Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:
Նիստի ընթացքում նախարար Օհանյանը հատուկ կարևորել է հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվել է, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:
Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը: Դրա նպատակն է երկարաժամկետ շրջանում գնահատել Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրն ու ըստ դրա՝ ապահովել պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. զարգացումը: