Մարտի 4-10-ը ՆԱՏՕ-ն անցկացնելու է իր ամենամյա Crisis Management Exercise (CMX) հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն ուղղված է ճգնաժամային իրավիճակի ժամանակ փոխգործակցության բարձրացմանը: Այս տարի որպես դիտորդ երկիր զորավարժությանը ներգրավվել է նաև Վրաստանը:
Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու են Ավստրալիան, Ֆինլանդիան, Ճապոնիան, Շվեդիան և Ուկրաինան: Նշենք, որ Ուկրաինան մասնակցել է նաև 2010 թվականի զորավարաժությանը:
Իսկ ահա որպես դիտորդ երկիր Վրաստանի հետ ներգրավված են նաև Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:
ՆԱՏՕ-ի այս զորավարժություններն անցկացվում են դեռևս 1992 թվականից` ուղղված են ծովային անվտանգության ամրապնդմանը: Հիմնական նպատակն է ճգնաժամային պայմաններում ապահովել ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի և ներգրավված երկրների քաղաքացիական և ռազմական անձնակազմի միջև փոխգործակցությունը:
Այս տարվա զորավարժության սցենարի համաձայն`ՆԱՏՕ-ին չանդամակցող երկու երկրներ, որոնք նաև Դաշինքի անդամ-պետություններից որոշակի հեռավորության վրա են, հորինված ճգնաժամային իրավիճակում են: Զորավարժության մասնակիցների նպատակն է լինելու լուծել այս խնդիրը փոխգործակցության միջոցով:
Հավելենք նաև, որ որպես դիտորդ հրավիրված են նաև ՄԱԿ-ի, Եվրամիության, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 1-7, 2015 | Ռազմ.info