2015 թվականի ընթացքում Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան «Կանտ» ավիաբազան համալրվելու է 5 միավոր նոր Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռներով։ Այս գրոհիչները փոխարինելու են նախկին հին մոդելները, որոնք տարվելու են ռուսաստանյան ռազմաարդյունաբերական կենտրոններ` արդիականացնելու համար։Այս մասին փետրվարի 18-ին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Սու-25ՍՄ արդիականացված տարբերակները հագեցած են ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ռադիոտեխնիկական հետախուզում անել, ինչպես նաև օդաչուին զգուշացնել վտանգի մասին։
Դեռևս 2014թ. ապրիլի 30-ին ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգը հայտնել էր, որ բազան համալրվել է 4 միավոր Սու-25 գրոհիչներով, որոնք մինչև ավիաբազային փոխանցվելը բավականաչափ թռիչքներ են արել։
Ավելացնենք, որ Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազան ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և ՌՕՈւ կազմում է: Այն համարվում է ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի բաղադրիչներից մեկը և իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ցամաքային և օդային տարածքի անվտանգության ապահովման առաջադրանքներ։
«Կանտը» երկրորդ դասի օդանավակայան է և կարող է ընդունել Իլ-76, Ան-22, Յակ-42 և Ան-12 ինքնաթիռներ։ Այժմ Ղրղզստանի տարածքում Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, որոնցից մեկն էլ հենց «Կանտն» է։
Ավիաբազան հիմնվել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ 2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաաձայնագրի, ևս 49 տարով երկարացրել է ավիաբազայի վարձակալության ժամկետը։ Ըստ որում՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել 25 տարով։ Ռազմաբազայի համար Մոսկվան Բիշքեքին ամեն տարի վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։
2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։