Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում տեղակայված վրաստանյան 51-րդ գումարտակի զինծառայողները, ովքեր ներգրավված են «Վճռական աջակցություն» առաքելությանը, պարգևատրվել են Վրաստանի ՊՆ գերատեսչական մեդալներով։ Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պարգևատրման արարողություն

Պարգևատրման արարողություն

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Վրաստանի ռազմական ավագ ներկայացուցիչ Մամուկա Կավտարաձեն վրաստանցի զինծառայողներին ՊՆ գերատեսչական մեդալները հանձնել է Աֆղանստանում, զինծառայողներից երեքն արժանացել են «Հայրենիքի նվիրյալ» մեդալի։

Վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության, ինչպես նաև վրաստանյան ստորաբաժանումների պատրաստման համար մեդալներ են ստացել նաև ԱՄՆ ծովային հետևակի մի քանի զինծառայողներ։ Նրանց տրվել են «Գեներալ Մազնիաշվիլի» մեդալներ։

Նշենք, որ վրաստանյան գումարտակի գլխավոր առաջադրանքն ավիաբազայի պաշտպանությունն ու տեղի ուժերի հետ այդ տարածքի բնակչության անվտանգությունն ապահովելն է:

Միջազգային առաքելությանը մասնակցելու համար զինծառայողները 6-ամսյա պատրաստման դասընթաց են անցել «Կրցանիսի» ազգային ռազմաուսումնական կենտրոնում, այնուհետև Գերմանիայում մեկամսյա վերապատրաստում են անցել՝ մասնակցելով ԱՄՆ վերապատրաստման կենտրոնի վարժանքներին:

 վրաստանյան 51-րդ գումարտակի զինծառայողները Բահրամ ավիաբազայում

Վրաստանյան 51-րդ գումարտակի զինծառայողները Բահրամ ավիաբազայում

Հավելենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։

Այս առաքելությունը լինելու է ոչ մարտական, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ նշել է, որ ուսուցումն ու մարզումները կղեկավարեն ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան և Թուրքիան։

Նոր առաքելությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 28, և գործընկեր 14 երկրների 12 հազար զինվորականներով։ ԱՄՆ առաքելությունը ղեկավարելու է Աֆղանստանի հարավային և արևելյան շրջաններում, Գերմանիան՝ հյուսիսային, Իտալիան՝ արևմտյան, իսկ Թուրքիան՝ մայրաքաղաք Քաբուլում։

One response to “Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *