Թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն իր ամսագրի հունվարյան համարում հայտնում է Lazer UMTAS նոր հրթիռային համակարգի փորձարկումների մասին, որոնք սկսվել են դեռևս 2014-ի սեպտեմբերին։ Աշխատանքներ են տարվում հրթիռը S-70 Sea Hawk (TCB-66) ուղղաթիռին հարմարեցնելու համար։
Lazer UMTAS հրթիռի որակավորման թեսթերը սկսել են 2014-ի վերջին քառորդից։ Փորձարկումների ընթացքում այն փորձել են հարմարեցնել տարբեր պլատֆորմների, որոնցից առաջնահերթությունը տրվել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ S-70 Sea Hawk (TCB-66) ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռին։ 2014-ի սեպտեմբերի 16-ին առաջին անգամ ուղղաթիռից փորձնական, ցուցադրական արձակվել է Lazer UMTAS հրթիռ։
Փորձարկման ժամանակ ուղղաթիռի վրա տեղադրվել է լազերային նշանոց։ Ուղղաթիռը գտնվել է 200 մետր, իսկ թիրախը՝ 4000 մետր բարձրության վրա։ Արձակված հրթիռը հասել է թիրախին, որից հետո այն ոնչացրել են: Փորձարկումը, փաստորեն, անցել է հաջողությամբ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2015-ի երկրորդ կեսին արդեն նախատեսվում է անցնել Lazer UMTAS հրթիռների սերիական արտադրության։
Հրթիռի փորձարկումը կազմակերպելու և ուղղաթիռին հարմարեցնելու համար փոփոխել են ուղղաթիռի ղեկավարման համակարգը, հրթիռին միանալու համար ավելացրել են լարեր, ինչպես նաև ուղղաթիռի վրա տեղադրել են հրթիռի արձակման և ղեկավարման համակարգ։
Հիթիռն ուղղորդվում է օբյեկտի ուղղությամբ արձակած լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500։ Հրթիռի տրամաչափը 160մմ, երկարությունը՝ 1800մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։
Այն կարող է տեղադրվել ինչպես հարվածային ուղղաթիռների և այլ թռչող սարքերի, այնպես էլ՝ ցամաքային կայանի վրա։ Ըստ անհրաժեշտության կարող է օգտագործվել տանկերի ու այլ զրահատեխնիկայի, բեռնատարների, շենքերի, ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռների և ծովային թիրախների խոցման համար։
Նշենք, որ ներկայումս ուղղաթիռների վրա տեղադրված է ԱՄՆ արտադրության AGM-114 Hellfire հիթիռ։ AGM-114 Hellfire լազերային նշանառությամբ կառավարվող հրթիռները նախատեսված են ինչպես թռչող սարքից, այնպես էլ ցամաքային տեղակայման կայանից արձակման համար։ Տեղին է նշել, որ այն ամերիկյան AH-64 Apache հարվածային ուղղաթիռի սպառազինության գլխավոր բաղկացուցիչներից է։ 450 մետր/վայրկյան (1 591 կմ/ժ) արագություն ունեցող կառավարվող հրթիռը թիրախները կարող է խոցել 500-ից 8 000 մետր հեռավորության վրա։
Թուրքիայի ԶՈւ-ն նախատեսում է մոտ ապագայում AGM-114 Hellfire հրթիռները փոխարինել հենց Lazer UMTAS հրթիռներով։
Pingback: Թուրքական արտադրության հրթիռները Փարիզի միջազգային ավիացուցահանդեսում | Ռազմ.info