Բունդեսթագը հաստատել է քրդական Փեշմերգեի մարտիկներին մարզելու որոշումը

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) ստորին պալատը հունվարի 29-ին հաստատել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող քրդական Փեշմերգե ուժերին մարզելու մասին առաքելության նախագիծը, որի համաձայն՝ Գերմանիայի ԶՈւ 100 հոգանոց զորախումբն ուղարկվելու է Իրաք, հայտնում է գերմանական Deutsche Welle պետական լրատվական գործակալությունը:

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) ստորին պալատը

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) ստորին պալատը

Հյուսիսային Իրաքում առաքելություն իրականացնելու նախագիծը հաստատվել է խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնության՝ 457 պատգամավորի ձայնով, դեմ է քվեարկել 79 պատգամավոր, 54 պատգամավոր բացակա է եղել:

Քվեարկության արդյունքները կանխատեսելի էին, քանի որ նախագիծն առաջ քաշած կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունը և վերջինիս հետ «մեծ դաշինք» կազմած «Սոցիալ դեմոկրատները» խորհրդարանում զբաղեցնում են առկա 631 տեղից 500-ը:

«Սոցիալ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ռոլֆ Մյութցենիխը մինչև քվեարկությունը հայտարարել է, որ օրինագծի հաստատվման և առաքելության իրականացման դեպքում Գերմանիան մեծ ներդրում արած կլինի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի (ստեղծվել է 2014-ի սեպտեմբերին) և ահաբեկիչների դեմն առնելու գործում:

Նախագծին դեմ քվեարկած «Ձախ սոցիալիսներն» իրենց որոշումը մեկնաբանել են այն հանգամանքով, որ Գերմանիայի օժանդակությունը քրդերը կարող են օգտագործել իրենց անջատողական նպատակների և անկախության հասնելու համար. հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր «Կանաչների կուսակցությունն» առհասարակ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը՝ հայտարարելով, որ Մերկելի գլխավորած կառավարության մանդատն այլևս իրավական հիմք չունի:

Հիշեցնենք, որ  Գերմանիան ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի ամենաակտիվ անդամներից է, և դեռևս  2014-ի օգոստոսին գերմանական կառավարությունը որոշել էր Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող քրդական Փեշմերգե զորաջոկատներին 70 միլիոն եվրոյի (շուրջ 92 միլիոն դոլար) սպառազինություն, զենք և զինամթերք մատակարարել: Գերմանական կառավարությունը քրդական զորաջոկատայիններին զինելու համար ևս 88մլն ամերիկյան դոլար է հատկացրել 2014-ի հոկտեմբերին, որը քրդերին է մատակարարվել ռազմական տեխնիկայի, հակատանկային զենքերի և այլ ռազմամթերքի տեսքով։

Նշենք նաև, որ միջազգային կոալիցիայի պայքարին միանալու որոշումը Գերմանիայում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ երկրի սահմանադրության 24-րդ հոդվածով Գերմանիան իրավունք ունի մասնակցելու միայն այն արտերկրյա առաքելություններին, որոնք կազմակերպվում են միջազգային փոխօգնության համակարգերի՝ ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Ու որոշմանն ընդդիմացողները հարցադրում են անում ՝ արդյոք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կարելի է համարել նման համակարգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *