Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, բանակի գեներալ Ռեյ Օդիերնոյի հրավերով հունվարի 25-ին մեկնել է Վաշինգտոն։
Թուրքական «Հաբերլեր» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարները քննարկելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պայքարը և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Բացի այդ, սպասվում է, որ նրանք քննարկելու են նաև Սիրիայում կռվող ապստամբական զորաջոկատների մարզումների համատեղ ծրագիրը, որով նախատեսվում է Թուրքիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի տարածքում մարզել «Իսլամական պետության» դեմ կռվող սիրիական ապստամբական ուժերին։
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարզումները նախատեսվում է սկսել մարտից, տևելու է երեք տարի, իսկ մարզումների համար ուղարկելու է 1000 մարզիչ։ Առաջին տարվա ընթացքում նախատեսվում է մարզել 5000, իսկ երեք տարվա ընթացքում՝ մոտ 15000 սիրիացի։
Նշենք, որ 3 տարի առաջ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջդեթ Օզելի Պենտագոն այցից հետո, սա պաշտոնական մակարդակով Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ այցն է ԱՄՆ։