ԱՄՆ-ն Սիրիայում կռվող զինյալների մարզումները հավանաբար կսկսի գարնանը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայի ապստամբներին մարզելու ծրագրի ամերիկյան անձնակազմի թիվը հասցնել 1000-ի, հունվարի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:Այս մասին հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը:

Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբի

Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբի

Անձնակազմի թիվը դեռ հստակ չէ, իսկ մարզումները կսկսվեն ամենաշուտը գարնանը, նշել է Քիրբին՝ հավելելով, որ ամերիկյան ուժերի մեջ ընգրկվելու են մարզիչներ, ինչպես նաև աջակցող անձնակազմ: Փոխծովակալը հայտնել է, որ մարզումները տևելու են մի քանի ամիս, սակայն ապստամբ ուժերը պատրաստ կլինեն կռվի մեջ մտնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միայն տարեվերջին:

Մարզումներն ունեն հիմնական երեք նպատակ՝ պատրաստել Սիրիայի ապստամբ ուժերին՝ քաղաքացիներին և հասարակությանը պաշտպանելու, «Իսլամական պետության» դեմ պայքարելու և քաղաքական ընդդիմության ղեկավարների հետ աշխատելու ու սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջոն Քիրբին:

Նշենք, որ թեև հստակեցված չէ մարզումների անցկացման վայրը, ավելի վաղ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը պատրաստակամություն էին հայտնել հյուրընկալել ամերիկյան անձնակազմին և սիրիացի ապստամբներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան New York Times պարբերականը, հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ մարզումների ծրագիրը նախատեսված է անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, իսկ մարզումները  սկսվելու են 2015-ի մարտի վերջին և տևելու են 3 տարի: Ըստ New York Times-ի փոխանցած տվյալների՝ մարզումներին 3 տարվա ընթացքում մասնակցելու է 15000 սիրիացի՝ տարին 5000 հոգի  (թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է  տարին 500-ից 2000  ապստամբների մասին):

One response to “ԱՄՆ-ն Սիրիայում կռվող զինյալների մարզումները հավանաբար կսկսի գարնանը

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը Պենտագոնում է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *