Թուրքական «Ասելսանը» համագործակցելու է Typhoon կործանիչներ արտադրող ընկերության հետ

Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը հունվարի 19-ին Անկարայում համագործակցության հուշագիր է ստորագրել Eurofighter Typhoon («Եվրոֆայթեր Թայֆուն») ռազմական ինքնաթիռների համար EJ200 շարժիչ արտադրող Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական  ընկերության հետ։Այս մասին հայտնում է Eurojet ընկերության  կայքը։

«Եվրոֆայթեր Թայֆուն» ռազմական ինքնաթիռի EJ200 շարժիչը

«Եվրոֆայթեր Թայֆուն» ռազմական ինքնաթիռի EJ200 շարժիչը

Հուշագիրը ստորագրել են «Ասելսան» ընկերության գլխավոր տնօրեն Ֆաիք Էքենը և Eurojet ընկերության գլխավոր կառավարիչ Կլիմենս Լինդենը։ Ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել շարժիչի վերահսկման համակարգերի, շարժիչի աշխատանքը ստուգող և հետազոտող համակարգերի, EJ200 շարժիչի արտադրման ծրագրի շրջանակներում ընդհանուր համագործակցության աշխատանքներ կատարելու շուրջ։

Որոշում է ընդունվել համատեղ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նապատակով կողմերի մասնակցությամբ համատեղ խորհուրդ հիմնել, ինչպես նաև ընդհանուր աշխատանքների իրականացման համար առանձին աշխատանքային խմբեր ձևավորել։

Նշենք, որ շարժիչի ղեկավարման համակարգը կազմված է շարժիչի վրա տեղադրված սենսորային տվիչներից և էլեկտրոնային բլոկից։ Սենսորային տվիչը գրանցում է շարժիչի աշխատանքային թերությունները և փոխանցում թվային էլեկտրոնային բլոկին, որն էլ ներդրված մաթեմատիկական ալգորիթմների շնորհիվ գտնում է խափանման պատճառը և համապատասխան կարգավորման հրահանգ ուղարկում։

Շարժիչի աշխատունակությանը հետևող համակարգ ինքնաթիռի թռիչքի ընթացքում հետևում է շարժիչի աշխատանքին և հավաքած տվյալներն ուղարկում վերասկման կենտրոն, որտեղ հետազոտման արդյունքում որոշվում է շարժիչի առանձին դետալների սարքինությունը և աշխատունակությունը։

Ավելացնենք, որ «Ասելսանը» թուրքական պետական ռազմարդյունաբերական ձեռնարկություն է, ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Այն մշակում և արտադրում է ժամանակակից էլեկտրոնային համակարգեր Թուրքիայի և արտերկրի ռազմական շուկաների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *