Ադրբեջանին հնարավոր ռազմական մատակարարումները ԱՄՆ-ում սկանդալի պատճառ են դարձել

Անկախ լրագրող Ջոշուա Կուչերան EurasiaNet կայքի իր բլոգում գրում է, Ադրբեջանին ամերիկյան մատակարարումների հեռանկարի շուրջ Վաշինգթոնում բարձրացած սկանդալի մասին։

Ըստ Կուչերայի, ԱՄՆ պետդեպարտամենտը քննարկում է Ադրբեջանին հսկիչ սարքավորումներ մատակարարելու թույլտվության հարցը։ Ըստ այդ քայլի կողմնակիցների, նման սարքավորումներն Ադրբեջանին անհրաժեշտ են Իրանից պաշտպանվելու համար։

Թե կոնկրետ ինչ սարքավորումների մասին է խոսքը, չի հստակեցվում, բայց նշվում է, որ դրանք մատակարարվելու են Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը և տեղադրվելու են Ռուսաստանից վերջերս գնված «Մի-35Մ» ուղղաթիռների վրա։

«ԱՄՆ-ում ադրբեջանցիների ցանց» (U.S. Azeris Networks) կազմակերպությունն արդեն ողջունել է այս նախաձեռնությունը, իր հայտարարության մեջ նշելով, որ ԱՄՆ-ի բարոյական պարտքն է աջակցել իր ռազմավարական գործընկերոջը` ընդհուպ մինչև պաշտպանական նշանակության այնպիսի համակարգերի մատակարարումը, ինչպիսին օրինակ «Պետրիոտ» զենիթահրթիռային համակարգն է։

Իրենց հերթին ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները և մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ եթե նշված սարքավորումները մատակարարվեն Ադրբեջանին, ապա դրանք կարող են օգտագործվել նաև Հայաստանի դեմ։ Մասնավորապես պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսական Հովարդ Բերմանը նշում է, որ այդ մատակարարումը կարող է կասկածի տակ դնել այն փաստը, որ ԱՄՆ-ն իսկապես ձգտում է համոզել Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և կատարել Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարների շփման գծից դուրս բերելու պահանջը։

Ուշագրավ է, որ մատակարարման և կողմնակիցները, և հակառակորդներն ընդգծում են, որ այն կարևոր, խորհրդանշական իմաստ էլ կունենա։ Կողմնակիցների կարծիքով դա կլինի Բաքվին որպես ռազմավարական գործընկեր դիտարկելու ապացույց, իսկ նրանց ընդդիմախոսները վստահ են, որ Ադրբեջանում այդ մատակարարումը կընկալվի, որպես այդ երկրի ռազմատենչ հռետորաբանության հավանություն։

Աղբյուրը։

One response to “Ադրբեջանին հնարավոր ռազմական մատակարարումները ԱՄՆ-ում սկանդալի պատճառ են դարձել

  1. Pingback: ԱՄՆ պետդեպարտամենտի արգելքով դադարեցվել է Ադրբեջանին ուղղաթիռային սարքավուրմների վաճառքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *