ԱՄՆ պետդեպարտամենտի արգելքով դադարեցվել է Ադրբեջանին ուղղաթիռային սարքավորումների վաճառքը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը  տեղեկացնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը  Ադրբեջանին հանել է այն երկրների ցանկից, ում թույլատրված է ԱՄՆ-ից ուղղաթիռային տեխնիկա և սարքավորումներ գնել։  Հանձնախմբի տվյալներով այդպիսի որոշում է կայացվել ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մտահոգությանը։

Հիշեցնենք, որ հունիսին տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը քննարկում է Ադրբեջան որոշ սարքերի առաքման հնարավորությունը։ Ըստ շրջանառվող լուրերի գնվելիք սարքերը պետք է տեղադրվեին մարտական Մի-35Մ մարտական ուղղաթիռների վրա։ Այդ կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը մայիսի 29-ին նամակ էր ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, որում  պնդում էր, որ Ադրբեջանը ԱՄՆ-ից գնած ռազմական նշանակության տեխնիկան կարող է օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման նպատակով։ Իր նամակի վերջում Բերմանը պետքարտուղարին կոչ էր արել կանխել սպասվելիք գործարքը և խստացնել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի նկատմամբ, որով արգելվում է ռազմական օգնությունը Բաքվին Հայաստանի շրջափակման պատճառով: 907 ուղղումն ընդունվել էր 1992 թվականին և ամբողջովին արգելում էր Ադրբեջանին զենք և ռազմական նշանակության արտադրանք վաճառելը, սակայն 2002 թվականին արգելքը մեղմացվեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *