2014-ի դեկտեմբերի 30-ին Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը թուրքական ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերության հետ մոտ 154 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր է ստորագրել, որով ընկերությունը անլար կապի ցանց է ստեղծելու Ժանդարմերիայի համար։ Այս մասին հաղորդում է «Ասելսան» ընկերության կայքը։
Պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2013-ին մեկնարկած JEMUS ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ժանդարմերիան ամբողջությամբ համալրել թուրքական արտադրության անլար կապի միջոցներով և ստեղծել ընդհանուր հրամանատարական կետից վերահսկվող ցանց։
Նշվում է, որ «Ասելսանի» ստեղծած կապի համակարգը լավ պաշտպանված է լինելու, և անհնար է լինելու գաղտնազերծել ներցանացային խոսակցությունները։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է շուրջ 20 օր աշխատել նաև հոսանքի ռեզերվային պաշարների հաշվին՝ հոսանքազրկման պայմաններում ։
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերի 16-ին «Ասելսանը» ժանդարմերիայի հետ կապի համակարգի ստեղծման համաձայնագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր ծախսել մոտ 100 մլն դոլար, իսկ տեխնիկայի առաքումն ավարտել 2015-ից 2017-ը։
Դեկտեմբերի 30-ին ստորագրված պայմանագրով գործարքի արժողությունը մեծացել է՝ հասնելով 154 մնլ դոլարի, իսկ ժամկետը երկարացվել մինչև 2018-ը։