Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից հարավային Գազիանթեփ նահանգի Յավուզլու գյուղում սահմանապահ ծառայություն իրականացնող ենթասպա Օզգյուր Օրսը Սիրիայի կողմից սահմանն անօրինական խախտած մի խմբի դեմ գործողություն իրականացնելիս 2015-ի հունվարի 1-ին անցել է Սիրիայի սահմանը և անհետացել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հունվարի 1-ին «Իսլամական պետություն» խմբավորման մի խումբ գրոհայիններ փորձել են անօրինական կերպով հատել Թուրքիայի պետական սահմանը։ Ենթասպա Օրսն իր ջոկատով հետապնդել է նրանց։ Օրսը երկու հոգու հետապնդելիս անցել է Սիրիայի սահմանը և այլև չի վերադարձել ու չի պատասխանել կանչերին։
Թուրքական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական բանակի ենթասպային առևանգել են «Իսլամական պետության» գրոհայինները։ Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հաստատել է ենթասպայի անհետացումը, սակայն հայտարարել է, որ չունի տեղեկություններ, թե որտեղ է զինծառայողը:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունն իր հերթին հայտարարություն է տարածել, որ կատարվում են զինծառայողի հայտնաբերման աշխատանքներ։
Չնայած այս լուրերին՝ հակասական հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը՝ հայտարարելով, որ լուրը կեղծ է։