Արցախում մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա

Դեկտեմբերի 21-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը և երկու շարքային զինծառայող, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։

Շարքային զինծառայողները կասկածվում են Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով՝ ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։ Շարքային զինծառայող Սիմոնյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ շարքային Չապուխյանը՝ 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքքում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը մահացել էր իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից։

One response to “Արցախում մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 21-27, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *